Մետաղների շուկա. G20 գագաթնաժողովի արդյունքները կարող են լավատեսություն ավելացնել մետաղների շուկայում

18.10.2011 19:28
Մետաղների շուկա. G20 գագաթնաժողովի արդյունքները կարող են լավատեսություն ավելացնել մետաղների շուկայում

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա սկզբին ոսկին շարունակեց իր աճ ԱՄՆ-ից և Ճապոնիայից խոշոր խաղացողների բացակայության պայմաններում, որոնց մոտ երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հանգստյան օր էր, իսկ հիմնական լրատվական ֆոնն ապահովեց եվրագոտին:

Եվրոպայի ֆոնդային շուկաները բացվեցին դրական ֆոնի ներքո կիրակի՝ հոկտեմբերի 9-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպումից հետո: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվեցին անել հնարավոր ամեն ինչ՝ եվրոպական բանկերի վերակապիտալացման համար, ինչպես նաև հայտարարել են, որ ամսվա վերջուն Եվրոպայի ճգնաժամի հաղթահարման ծրագիր կներկայացնեն: Այս նորությունը թուլացրեց եվրագոտում պարտքային ճգնաժամի տարածման ռիսկերի կապակցությամբ ներդրողների մտավախություններն՝ աջակցելով ապրանքահումքային ակտիվներին, այդ թվում նաև ոսկուն:

Սակայն նախորդ շաբաթվա ողջ ընթացքում ոսկու հստակ բարձրացող տրենդ այդպես էլ չգրանցվեց: Թանկարժեք մետաղի գնանշումը գտնվում էր տրոյական մեկ ունցիայի դիմաց 1652 –1691 ԱՄՆ դոլար նեղ դիապազոնի շրջանակներում, անկումն ու բարձրացումը հաջորդում էին իրար: Մեր կարծիքով՝ այս ամենը վկայում է որպես ապաստան ակտիվ ոսկու նկատմամբ շուկայի մասնակիցների հետաքրքրության որոշակի նվազման մասին ռիսկի նկատմամբ ներդրողների միտվածության ավելացման ֆոնի ներքո: Շուկայի մասնակիցները սկսեցին նախապատվությունը տալ ավելի եկամտաբեր ակտիվներին՝ արտարժույթին և բաժնետոմսերին: Սակայն քանի որ ԱՄՆ-ից ստացված մանրածախ առևտրի սեպտեմբերյան դրական վիճակագրության և եվրոպական կայունության հիմնադրամի լիազորությունները ընդլայնելուն հավանություն տալու Սլովակիայի խորհրդարանի որոշման կապակցությամբ նախորդ շաբաթվա վերջում ընդհանուր ֆոնը լավատեսական էր, ոսկու գինը ևս աճեց:

Այս ամենի արդյունքում նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու արժեքն աճեց 2,63 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1680,70 ԱՄՆ դոլարի:

Մենք ենթադրում ենք, որ այս շաբաթ ընթացիկ հանգստյան օրերին տեղի ունեցած G20-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովի արդյունքները  լավատեսություն կավելացնեն շուկայի մասնակիցների շրջանում՝ նման կերպով աջակցելով թանկարժեք մետաղի աճին: Այսպես, ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները հանդիպման արդյունքում համաձայնեցրին գործողությունների ծրագիրը, որն անհրաժեշտ է եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման և ազգային բյուջեների ամրապնդման համար:

Միաժամակ հարկավոր է չմոռանալ այս շաբաթ նախատեսված մակրոտնտեսական վիճակագրության մասին, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ ոսկու գնանշման վրա: Ամերիկյան կարևոր նորությունների թվում հարկավոր է նշել արտադրական հատվածի, գնաճին վերաբերող սեպտեմբերյան տվյալները, ինչպես նաև տարածաշրջանների մասին «Բեժ գիրք» ՊԴԾ-ի տնտեսական հաշվետվությունը: Եվրոպայից ակնկալվող նորությունների թվում հարկավոր է նշել  ZEW և IFO գերմանական հետազոտական ինստիտուտների հոկտեմբերյան տնտեսական համաթվերը:

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ից ստացվող վիճակագրությունը կլինի չափավոր լավատեսական, ինչը կարող է դրական ազդել ոսկու վրա: Բացի այդ, եթե ԱՄՆ-ի սպառողական գնաճի տվյալները 3,8 տոկոսից (տարեկան արտահայտմամբ) ավելի բարձր լինեն, ապա ոսկու գնանշումը կարող է շարունակել իր աճը:

Թանկարժեք մետաղի համար դիմակայության մակարդակ կլինի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1745,0 ԱՄՆ դոլարը: Իսկ եթե ԱՄՆ-ից և Գերմանիայից ստացվող տնտեսական վիճակագրությունը կանխատեսվածից թույլ լինի կամ ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեն եվրագոտու պարտքային խնդիրները, ապա ոսկին կարող է անկում ապրել: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ժամանակ ոսկու համար աջակցության շեմ կլինի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1620,0 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն աճեց 4,32 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 3,43 ԱՄՆ դոլարի: Կարմիր մետաղի համար աջակցող գործոն դարձավ եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման նպատակով առաջարկված միջոցների ֆոնի ներքո համաշխարհային ֆինանսական հարթակներում նկատված ներդրողների լավատեսության աճը:

Պղնձի գնանշմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերեցին Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) ակտիվի բորսային նվազող պաշարները:

1

G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների գագաթնաժողովի դրական արդյունքներն այս շաբաթ կաջակցեն պղնձին: Նաև ակնկալվում է, որ մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ում բնակարանների շուկայի և արտադրական հատվածի սեպտեմբերյան տվյալները, Չինաստանում երրորդ եռամսյակում արդյունաբերական արտադրության և ՀՆԱ-ի տվյալները չափավոր դրական կլինեն: Եթե այս կանխատեսումներն արդարանան, ապա պղինձը կարող է շարունակել իր չափավոր աճը:

Սակայն եթե տնտեսական տվյալները կանխատեսվածից վատ լինեն, համաշխարհային տնտեսության դանդաղման կապակցությամբ մտավախությունները կուժեղանան, իսկ կարմիր մետաղը կարող է կրկին անկում ապրել: Այս շաբաթ ֆյուչերսայի շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրվող դիապազոնը մեկ ֆունտի դիմաց 3,25–3,63 ԱՄՆ դոլարն է:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև