27.10.2011 17:56
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի և Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի միջև կնքվեց 5 մլն. ԱՄՆ դոլար գումարով, 5 տարի մարման ժամկետով թվով երկրորդ վարկային պայմանագիրը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հայկական բանկի մամուլի ծառայությունից:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
«Սույն նախագծի իրականացումը Հայէկոնոմբանկի նկատմամբ իր գործընկերների ունեցած խորը վստահության խոսուն վկայությունն է: Այս գործարքով Հայէկոնոմբանկը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի հետագա զարգացման գործընթացին աջակցելու իր որդեգրած քաղաքականությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ Հայէկոնոմբանկը հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման և միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման ոլորտներում:
Հայէկոնոմբանկը Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի հետ համագործակցում է սկսած 2008թ.-ից և շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները:
Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների՝ առաջին անգամ ՍԱԶԲ-ն Հայէկոնոմբանկին 5 մլն. դոլարի չափով վարկ էր տրամադրել 2008թ. փետրվարի 12-ին:
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին։ Բանկի բաժնետոմսերի ավելի քան 78 տոկոսը պատկանում է ՎԶԵԲ-ի հիմնական բաժնետերերին (25+1 բաժնետոմս) և «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր Սուքիասյան ձեռնարկատերերի ընտանիքին (53,4 տոկոս)։
2011թ.-ի հոկտեմբերի 26-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը գերազանցում է 9.1 մլրդ դրամը, ակտիվները կազմել են 62,1 մլրդ. դրամ,
վարկային ներդրումները` 29.2 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 10.2 մլրդ դրամ: Բանկն ունի 38 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:
ՙ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի: Բանկում ՌԴ-ի, Հունաստանի և Թուրքիայի մասնաբաժինները կազմում են 16,5-ական տոկոս, Ռումինիան՝ 14 տոկոս, Բուլղարիան և Ուկրաինան ունեն 13,5-ական տոկոս: Ադրբեջանը՝ 5 տոկոս, Ալբանիան՝ 2 տոկոս, Հայաստանը և Մոլդովան՝ 1-ական տոկոս, Վրաստանը՝ կանոնադրական կապիտալի 0,5 տոկոսը ($1- 378,01 դրամ): -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: