Հայաստանի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2013թ.–ին կավելացվեն 118,6 մլրդ դրամով

30.10.2012 16:55
Հայաստանի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2013թ.–ին կավելացվեն 118,6 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարկային եկամուտների և պետական տուրքերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեի մուտքերը 2013թ.–ին նախատեսված են 992,9 մլրդ դրամի չափով, ինչը 118,6 մլրդ դրամով ավելի է 2012թ.–ին նախատեսված ցուցանիշից և 218,2 մլրդ դրամով գերազանցում է 2011թ.–ին այդ ուղղությամբ հավաքված միջոցները, տեղեկացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Հարկային մուտքերը հաշվարկելիս հաշվի է առնվում 2013թ.–ի հունվարի 1–ից գործողության մեջ մտնող «Եկամտահարկի մասին» օրենքի էֆեկտը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը»,– երեքշաբթի ասաց նա` խորհրդարանում ներկայացնելով 2013թ.–ի պետբյուջեի նախագիծը։

Ըստ նրա` հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմում են համախմբված բյուջեի եկամուտների 96,25 տոկոսը, որը նախատեսված է 1 տրլն 31 մլրդ 6 մլն դրամի չափով, ինչը 13,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա մակարդակից։

Միաժամանակ 934,3 մլրդ դրամը նախատեսվում է հավաքել` հաշվի առնելով գանձումների և մակրոտնտեսական գործընթացների նախորդ տարվա մակարդակը։
2013թ.–ի բյուջեի հարկային եկամուտները նախատեսված են ՀՆԱ–ի 21,88 տոկոս մակարդակում (2012թ.–ին նախատեսված 20,73 տոկոսի համեմատ)։

Գաբրիելյանը նշեց նաև, որ հարկային գանձումների շուրջ 31 մլրդ դրամը նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների արդյունքում, իսկ 27,7 մլրդ դրամը` վարչական մեխանիզմների ճանապարհով։

«Արտասահմանյան պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական դրամաշնորհների ուղղությամբ 2013թ.–ին նախատեսում ենք 16,4 մլրդ դրամ ստանալ, որից շուրջ 82 տոկոսը` ԵՄ–ից»,– ասաց նախարարը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև