Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Facebook-ում «Ամենաֆինանսական ստեղծագործություն» խորագրով ակցիա է հայտարարել

20.11.2012 12:42
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Facebook-ում «Ամենաֆինանսական ստեղծագործություն» խորագրով ակցիա է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Facebook սոցիալական ցանցում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ը հայտարարում է լավագույն հեղինակային աշխատանքների մրցույթ` նվիրված բանկային և ֆինանսական ոլորտին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում` լուսանկարչություն, գեղանկարչություն, պատկերազարդում, բանաստեղծություն, երաժշտական ստեղծագործություն, ծաղրաշար, կարճամետրաժ ֆիլմ, տեսանյութ և այլն:

Բանկն առաջարկում է բոլոր ցանկացողներին իրենց ստեղծագործությունները տեղադրել   Facebook-ի «Areximbank-Gazprombank Group» խմբում, ինչպես նաև գնահատել այլ մասնակիցների մրցութային աշխատանքները: Յուրաքանչյուր անվանակարգում կընտրվի մեկական լավագույն ստեղծագործություն` ըստ Facebook-ում հավաքված Like-երի քանակի:

«Մրցույթի բոլոր մասնակիցներին կտրամադրվեն անվճար MasterCard Standard քարտեր, իսկ հաղթողները կպարգևատրվեն MasterCard Gold տեսակի հեղինակավոր միջազգային վճարային քարտերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տրամադրված բոլոր քարտերն ունեն մինչև 20% զեղչ ստանալու հնարավորություն ավելի քան 200 սպասարկման կետերում և ընկերություններում (առևտրային կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաև հանգստի և զվարճանքների կենտրոններ)` ողջ Հայաստանի տարածքով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2002թ.-ից VISA International-ի անդամ է, իսկ MasterCard-ի անդամ է դարձել 2005թ.-ից: 2009 թ.-ին բանկն ավարտել է ռուսական Գազպրոմբանկի (ՍՊԸ) պրոցեսինգային կենտրոնի մեջ սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիան: Ռուսական Գազպրոմբանկը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միանձնյա բաժնետերն է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև