ՀԲ-ն 200 հազար դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին գյուղատնտեսական համատարած հաշվառման համար

22.01.2013 17:40
ՀԲ-ն 200 հազար դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին գյուղատնտեսական համատարած հաշվառման համար

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը 200 հազար դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներին օժանդակելու համար:

Երկրում առաջին գյուղատնտեսական համատարած հաշվառումն անցկացնելու հետ կապված հարցերը երեքշաբթի քննարկվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կազմակերպված հանդիպման ժամանակ, հաղորդում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակն է՝ տեղեկություններ հավաքագրել գյուղատնտեսական նշանակության հողերի, կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության շենք-շինությունների, մարդկային, նյութական ներուժի և դրանց օգտագործման վերաբերյալ:

«Հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի կարևորությունը՝ Համաշխարհային բանկը 200 հազար դոլարի դրամաշնորհ է հատկացրել գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներին օժանդակելու համար»,– ասել է քննարկմանը մասնակցած Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին։

Ծրագրի աշխատանքներին իրենց աջակցությունն են հայտնել նաև Եվրամիության Թվինինգ ծրագրի և ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի ներկայացուցիչները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացումը։

«Մենք երբևէ այսպիսի հաշվառում չենք իրականացրել, և խիստ անհրաժեշտ է իմանալ՝ ինչպիսին է իրական պատկերը գյուղատնտեսության ոլորտում: Գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում վերջին 5 տարիների ընթացքում էապես ավելացել է, ինչը պայմանավորված է մեր երկրում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով և իրականացվող ծրագրերով»,– ասել է վարչապետը։

Ըստ նրա` այս  բնագավառի համար կառավարությունը մշակել է նոր՝ գյուղի և գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ համալիր ծրագիր:

«Մենք այլևս չենք կարող գյուղատնտեսությունը դիտարկել գյուղի զարգացումից առանձին, քանի որ այն մարդիկ, որոնք չեն զբաղվելու գյուղատնտեսությամբ, պետք է գյուղում ունենան այլ աշխատատեղեր: Այդ ուղղությամբ իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր»,– ասել է նա։

Վարչապետն ընդգծել է նաև, որ գյուղատնտեսության ոլորտի հաշվառումը կառավարության 2013-2016 թվականների կարևորագույն ծրագրերից մեկն է լինելու։

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն իր հերթին նշել է, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումը թույլ կտա ձևավորել ամբողջական համակարգ՝ հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

ՄԱԿ-ի ուղեցույցների համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են առնվազն 10 տարին մեկ անգամ անցկացնել գյուղատնտեսական համատարած հաշվառում, իսկ ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառում երբևէ չի իրականացվել: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև