ԱՄՆ–ն պատրաստվում է դատի տալ S&P–ին «ճգնաժամին նպաստող» վարկանիշների համար

05.02.2013 11:21
ԱՄՆ–ն պատրաստվում է դատի տալ S&P–ին «ճգնաժամին նպաստող» վարկանիշների համար

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է հայց ներկայացնել դատարան` Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանշային գործակալության նկատմամբ պատասխանատվություն սահմանելու պահանջով։ Նախարարությունը կարծում է, որ գործակալությունը 2007 թվականին թողարկված հիփոթեքային պարտաթղթերի հետ կապված ֆինանսական գործիքների վերաբերյալ ոչ հավաստի գնահատականներ է հրապարակել։

Խոսքը գրավով ապահովված պարտքային պարտավորությունների (CDO) մասին է, որոնք թողարկվել են ֆինանսական ճգնաժամի նախաշեմին, հայտնում է rbc.ru–ն`վկայակոչելով Reuters–ին։

S&P ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանվել դատարանում, իսկ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների փաստաթղթերը «բացարձակապես որևէ փաստացի կամ իրավաբանական հիմք չեն ունենա»։

Ամերիկյան կարգավորիչները վաղուց են պահանջներ ներկայացնում գլոբալ վարկանիշային գործակալություններին (բացի S&P, դա Moody’s Investors Service–ն է և Fitch Ratings–ը)` համարելով, որ դրանք են մասամբ խթանել 2008 թվականի գլոբալ ֆինանսական ճգնաժամը, քանի որ ոչ արդարացի կերպով բարձրացրել են նախքան ճգնաժամը լայն տարածում ստացած CDO թղթերի վարկանիշները։

Վարկանիշային գործակալությունները հերքում են իրենց մեղքը և հայտարարում, որ իրենց փորձում են «քավության նոխազ» դարձնել, մինչդեռ մեղքը ռիսկերի ադեկվատ ընկալումը կորցրած ներդրողների և ճգնաժամի սկիզբը բաց թողած ֆինանսական կարգավորիչների ուսերին է։

2011 թվականի օգոստոսին S&P–ն առաջին անգամ պատմության մեջ նվազեցրել է ԱՄՆ սուվերեն վարկային վարկանիշը մեկ աստիճանով AAA բարձրագույն ցուցանիշից մինչև АА+։ ԱՄՆ–ի իշխանությունները կտրուկ քննադատել են S&P–ի որոշումը` մեղադրելով գործակալությանը ոչ օբյեկտիվ լինելու մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև