Տնտեսության աճի խթանման քայլերը մշակելիս չպետք է կասկածի տակ առնվեն կառավարության գործունեության հիմնական ուղղությունները. Մեդվեդև

29.04.2013 16:01
Տնտեսության աճի խթանման քայլերը մշակելիս չպետք է կասկածի տակ առնվեն կառավարության գործունեության հիմնական ուղղությունները. Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Տնտեսության աճի խթանման քայլերը մշակելիս չպետք է կասկածի տակ առնվեն կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, Տնտեսական զարգացման նախարարության ամփոփիչ նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կառավարության ղեկավարը նշել է, որ վերջերս ԱՄՀ–ն վերանայել է 2013 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը և նշել, որ այն կնվազի 3.3 տոկոսով։ Տնտեսության զարգացման նախարարությունը ՌԴ–ի ՀՆԱ աճի կանխատեսումն ավելի է նվազեցրել` մինչև 2.4 տոկոս։

«Դա տարաբնույթ տնտեսական ուժերի գործողության արդյունք է։ Դա անհանգստանալու լուրջ առիթ է»,– ասել է Մեդվեդևը` հիշեցնելով, որ նախագահի հանձնարարականով կառավարությունը տնտեսական զարգացման խթանման համալիր քայլեր է մշակում։

«Տեսանկյունները, ինչպես միշտ, քիչ չեն` դրանք հաճախ բավականին հակասական են։ Բանավեճերի ընթացքում պետք է գտնվեն ադեկվատ և արդյունավետ պատասխաններ։ Հնարավոր է` հարկ լինի շտկել որոշ գործողություններ։ Սակայն մեր զարգացման վեկտորը, զարգացման ուղղությունները, որոնք դրված են կառավարության համապատասխան փաստաթղթերում, չպետք է էական փոփոխությունների ենթարկվեն»,– ընդգծել է վարչապետը։

Նա հայտարարել է, որ տնտեսական նոր մոդելին անցնելը պետք է կատարվի, նախևառաջ, տնտեսության ոչ հումքային հատվածի գերազանցող աճի, նորարարական համակարգի զարգացման հաշվին։

Վարչապետի խոսքով` դրված նպատակների իրագործումը նախարարության անձնակազմից մակրոտնտեսական կանխատեսման և ռազմավարական նախագծման, ներդրումային կլիմայի ձևավորման, միջին և փոքր ձեռնարկատիրության զարգացման, պետծառայությունների արդյունավետությանը վերաբերող բոլոր լուծումների համակարգային մշակման նոր մոտեցումներ է պահանջում։ «Կարևոր է հավասարակշռություն գտնել բիզնեսի առաջարկների և գերատեսչությունների դիրքորոշման, կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների միջև»,– ավելացրել է Մեդվեդևը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև