Է. Նաբիուլինան գնաճի նվազում է ակնկալում մինչև ծրագրված միջանցք

25.07.2013 15:52
Է. Նաբիուլինան գնաճի նվազում է ակնկալում մինչև ծրագրված միջանցք

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ–ի գնաճը, Կենտրոնական բանկի կանխատեսումներով, կմտնի 5-6 տոկոսի ծրագրված միջանցք 2013 թվականի վերջին, հայտնել է Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Մեր գնաճը մի փոքր բարձր է այն միջանցքից, որը մենք մեզ համար որպես թիրախային ենք ընտրել, բայց հույս ունենք, որ տարեվերջին կտեղավորվենք 5-6–տոկոսանոց միջանցքում։ Շատ բան կախված կլինի բերքից, պարենային գներից, բայց ընդհանուր առմամբ հույս ունենք, որ գնաճի նվազման խնդիրը կլուծենք»,– ասել է Նաբիուլինան, հաղորդում է rbc.ru–ն։

Բացի այդ, հաջորդ տարի ԿԲ–ն գնաճի հետագա նվազում է ենթադրում, նշել է Կենտրոնական բանկի ղեկավարը։ «Այստեղ հույս ունենք, որ դրական դեր կխաղա և բնական մենաշնորհների ծառայությունների սակագների զսպման որոշումը»,– ասել է նա։

Գնաճի դեմ պայքարը ԿԲ–ի առանցքային խնդիրն է։ «Դրամավարկային քաղաքականությունը պետք է համապատասխանի այն իրավիճակին, որն ունենք տնտեսությունում։ Եվ, իհարկե, այստեղ առանցքային խնդիրը գնաճի նվազեցման քաղաքականության շարունակությունն է»,– ասել է Է.Նաբիուլինան։

Ռուսաստանի բանկը մտադիր է նաև կատարել վերաֆինանսավորման գործիքների «կետային կարգավորում»։ Կարգավորիչի ղեկավարը նշել է համակարգային աշխատանքի անհրաժեշտությունը, որն ուղղված է բանկային վարկավորման տոկոսադրույքների նվազեցմանը։

«Առաջինը մեր վերաֆինանսավորման համակարգի հետ աշխատանքն է։ Մենք պետք է կարգավորենք վերաֆինանսավորման գործիքները, որ շատ բանկեր Կենտրոնական բանկից լիկվիդայնություն ստանան։ Ներկայում լիկվիդայնության հետ կապված ամեն ինչ քիչ թե շատ կայուն է, բայց պետք է, որ բանկերի համար կանխատեսելիություն լինի։ Այստեղ կլինի այդ գործիքների կետային կարգավորում, ինչպես ենթադրում ենք»,– ասել է Է.Նաբիուլինան։

Նշենք, որ ավելի վաղ Է.Նաբիուլինան հայտնել էր, որ ՌԴ ԿԲ–ն ակնկալում է գնաճի տեմպի դանդաղում 2013 թվականի երկրորդ կիսամյակում և 2014 թվականի սկզբին։

Ռոսստատի տվյալներով` ՌԴ–ում գնաճը 2013 թվականի հունիսին տարեկան կտրվածքով կազմել է 6.9 տոկոս։ Տնտեսական զարգացման նախարարության կանխատեսմամբ` 2013 թվականի հուլիսին տարեկան կտրվածքով այն կկազմի 6.5 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև