ԵԿԲ–ն միայն 82 մլրդ եվրոյի հակաճգնաժամային վարկ է կարողացել բաժանել

19.09.2014 12:22
ԵԿԲ–ն միայն 82 մլրդ եվրոյի հակաճգնաժամային վարկ է կարողացել բաժանել

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկը նպատակային ֆինանսավորման հակաճգնաժամային ծրագրի նոր փուլի շրջանակում նախատեսում էր նվազագույն տոկոսադրույքով 400 մլրդ եվրո վարկ տրամադրել բանկերին, սակայն դրա քառորդ մասն էլ չի կարողացել տալ։

Գումար են ստացել գլխավորապես իտալական և իսպանական բանկերը, մյուսները նախընտրել են գումար չվերցնելու տարբերակը, գրում է РБК–ն` հղում անելով РБК daily–ին։

Օգոստոսի կեսին Eurostat–ը հայտնել էր, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքում եվրագոտու տնտեսությունը զրոյական  աճ է գրանցել։ Դեռ այդ ժամանակ փորձագետները նշել էին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված անորոշության ֆոնին դժվար է պատկերացնել, որ արագ վերականգնում կարող է լինել։ Իսկ այժմ, երբ ի հայտ են եկել հակառուսական պատժամիջոցների հետևանքներն ու Ռուսաստանի պատասխան միջոցառումները, ձգձգվող լճացման ռիսկն ավել շատ մտավախությունների առիթ է տալիս։

Տարեկան 0,15% տոկոսադրույքով քառամյա վարկերի միջոցով ԵԿԲ–ն ջանում էր կանխել սպառնացող գնանկումը, ստիպել ֆինանսական ինստիտուտներին առավել ակտիվորեն վարկավորել բիզնեսը` եվրոպական տնտեսության առանցքային խթաններից մեկը։ Կարգավորիչը նախատեսել էր, որ գործարար ակտիվությունը կբարձրացնի արժույթի հատվածի զբաղվածությունը` այս պահին գործազրկությունը պատմական առավելագույն կետում է (11,5%):

Վարկերի առյուծի չափաբաժինը` 40 տոկոս, վերցրել են Իտալիայի և Իսպանիայի բանկերը. այս երկրներում շուկայական ֆոնդավորումը, ըստ UBS–ի, բանկերի համար ավելի քան 1 տոկոսային կետից թանկ է, քան ԵԿՄ–ի տոկոսադրույքը։

Իտալիայի ամենամեծ բանկը` UniCredit–ը, աճուրդում 7.75 մլրդ եվրո է փոխառել։ Իր հայտում բանկը նշել է, որ այդ միջոցները կուղղվեն Իտալիայի ձեռնարկությունների և սպառողների վարկավորմանը։ UniCredit–ը դեկտեմբերին կարող է ԵԿԲ–ից հավելյալ գումար վերցնել Ավստրիայում և Գերմանիայում գտնվող դուստր–ձեռնարկությունները վարկավորելու համար։

Իսպանիայի ամենամեծ բանկը`  Banco Santander–ը, ԵԿԲ–ից 3.6 մլրդ եվրո էր խնդրել։ Bankia–ն կենտրոնական բանկից փոխառել է 2.7 մլրդ եվրո։ Մեծությամբ հինգերորդ վարկատու հանդիսացող  Banco Sabadell–ը փոխառության հայտեր էր ներկայացրել, սակայն 5 մլրդ եվրո ստանալու ակնկալիք ունի դեկտեմբերյան տեղաբաշխումից։

Ֆրանսիայի` մեծությամբ երկրորդ բանկը` Societe Generale–ը, մասնակցել է աճուրդին, սակայն չի նշել փոխառության ծավալը։

Նիդեռլանդական ING Groep–ը և ABN Amro Bank–ը ստացել են իրենց վարկերը, այդ փաստը հաստատել են երկու բանկերի ներկայացուցիչները։ Երկու տեղաբաշխումների հանրագումարում ING Groep–ը կարող է ստանալ 5.7 մլրդ եվրո, ABN Amro Bank NV–ն` 4,1 մլրդ եվրո։ Ավստրիայի երեք խոշոր կազմակերպությունները` Erste Group Bank–ը, UniCredit Bank Austria–ն և Raiffeisen Bank International–ը ձեռնպահ են մնացել։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև