ԿԲ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

22.01.2015 13:19
ԿԲ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. 2015թ.-ի hունվարի 21-ի արտահերթ նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.00 տոկոսային կետով՝ սահմանելով 9.50%:

ԻՆչպես նշված է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ, 2014թ.–ի դեկտեմբերին արձանագրվել է 3.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.6%:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին որոշումից հետո արտաքին հատվածում հիմնական հումքային և պարենային շուկաներում պահպանվել են գնանկումային միտումները, որոնց հնարավոր արտացոլման չափն ու արագությունը ՀՀ համապատասխան շուկաների գնային փոփոխություններում դեռևս անորոշ է: Գործընկեր երկրներում նույնպես գրանցվել են գնանկումային ճնշումներ, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ ռուբլու՝ տարեվերջին գրանցված աննախադեպ արժեզրկումն արտահայտվել է գների մակարդակի՝ աճի ուղղությամբ ճշգրտմամբ:

Մյուս կողմից, չնայած ներքին տնտեսությունում որոշակիորեն մեղմվել են 2014 թ.-ի վերջին ձևավորված բարձր գնաճային սպասումները, այնուամենայնիվ, դրանք դեռևս պահպանվում են, ինչն էլ արտահայտվում է ֆինանսական շուկայում՝  տնտեսավարող սուբյեկտների մոտ բարձր դրամային տոկոսադրույքների պահանջի դրսևորմամբ: Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ առկա բարձր տոկոսադրույքները, որոնք ձևավորվել են ԿԲ լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքի շուրջ, մասամբ ներառում են նաև համաշխարհային տոկոսադրույքների և զարգացող երկրների ռիսկի հավելավճարի երկարաժամկետ աճի միտումը:

Ինչպես նշված է ԿԲ հաղորդագրության մեջ, դրամավարկային քաղաքականության դիրքը պահպանելու նկատառումով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Դրամավարկային քաղաքականության ուղղությունների մասին հաջորդ որոշումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 10-ին՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Որոշմանը կհաջորդի Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի հրապարակումը, որտեղ Կենտրոնական բանկն ավելի մանրամասնորեն կանդրադառնա վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին և ապագայի կանխատեսումներին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև