Հայկական տնտեսության համար 10–12 բանկը բավարար է. կարծիք

17.02.2015 20:46
Հայկական տնտեսության համար 10–12 բանկը բավարար է. կարծիք

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսության սպասարկման համար անհրաժեշտ բանկերի օպտիմալ թիվը չպետք է գերազանցի 10–12–ը, երեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

ՀՀ ԿԲ–ն 2014թ.–ի դեկտեմբերի 30–ի նիստի ժամանակ որոշել է 2017թ.–ի հունվարի 1–ից բարձրացնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը` նախկին 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։

«ԿԲ–ի այս որոշումը թույլ կտա ոչ միայն ավելացնել կապիտալը, այլ նաև բարձրացնել բանկային համակարգի կայունությունը` ապահովելով դրա հետագա զարգացումը, քանի որ համարժեք կապիտալի նորմատիվն արդեն մոտենում է ԿԲ–ի նորմատիվների սանդղակին, և համակարգն այլևս չի կարողանում զարգանալ տնտեսությանը համահունչ» – ասաց Հանեսյանը։

Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն իր հերթին նշեց, որ բանկերի միավորման գործընթաց արդեն իրականացվել է` պարզապես վարկային կազմակերպությունների ցածր մոտիվացիայով։

«Առաջիկա երկու տարիները կլինեն շուկայի համախմբման ժամանակաշրջան, կլինեն միաձուլումներ, գնումներ, կհայտնվեն նոր դերակատարներ` նոր կարգավիճակով և հնարավորություններով, քանի որ համախմբումն ինքնանպատակ չէ և պետք է հանգեցնի կայունության ու արդյունավետության բարձրացման։ Պետք է լինի սիներգետիկ արդյունք, որը թույլ կտա բարձրացնել համակարգի արդյունավետությունը», – ասաց Ջրբաշյանը։

Նրա խոսքով` առաջիկա տարվա ընթացքում շուկայում ֆինանսավորումը համեմատաբար ցածր կլինի, քանի որ դա կլինի նախապատրաստման, առողջացման, համախմբման, բանկերի արդյունավետության բարձրացման տարի։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ, և միայն հինգ բանկերի ընդհանուր կապիտալն է համապատասխան և անգամ գերազանցում ԿԲ–ի նոր պահանջը։ Եվս 12 առևտրային բանկերի մոտ այս ցուցանիշը գտնվում է 10 մլրդ դրամից մինչև 30 մլրդ դրամի սահմանում, իսկ չորս բանկերի մոտ այն գտնվում է 10 մլրդ դրամից ցածր սահմանում։ Այսպիսով` 16 բանկեր պետք է երկու տարում միջոցներ գտնեն ԿԲ–ի` կապիտալի ավելացման նորմատիվային պահանջն ապահովելու համար կամ սեփական ռեսուրսների հաշվին, կամ համախմբման և միաձուլման միջոցով։

2014թ.–ի վերջի տվյալներով` առևտրային բանկերի ակտիվները կազմել են մոտ 3 410,6 մլրդ դրամ (16,1 տոկոսի աճ), պարտավորությունները` 2 921,8 մլրդ դրամ (18,3 տոկոսի աճ), բանկերի ընդհանուր կապիտալը` 488,7 մլրդ դրամ (4,2 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 2 162,9 մլրդ դրամ (21,2 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը` 27,1 մլրդ դրամ (41,3 տոկոսի անկում) (1 դոլարը` 479,06 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև