Հայաստանում դեպոզիտների դոլարացման մակարդակը 2014թ.–ին ավելացել է 4,2 տ.կ.–ով և կազմել 63,9%

13.03.2015 19:09
Հայաստանում դեպոզիտների դոլարացման մակարդակը 2014թ.–ին ավելացել է 4,2 տ.կ.–ով և կազմել 63,9%

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014թ.–ին դեպոզիտների դոլարացման մակարդակը կազմել է 63,9 տոկոս` 2013թ.–ի համեմատ ավելանալով 4,2 տոկոսային կետով։ Դա են վկայում ՀՀ ԿԲ–ի` 2014թ.–ի դեկտեմբերի տեղեկատվական ամփոփագրի տվյալները։

Հայաստանում ավանդների դոլարացումը տեղի է ունեցել հայկական դրամի կտրուկ արժեզրկման պայմաններում և 2014թ.–ի նոյեմբեր–դեկտեմբերին արժութային շուկայում առաջացած խուճապի հետևանքով։ Նախորդ տարվա վերջում գրանցված կտրուկ արժեզրկումը ստիպեց երկրի բնակչությանը վերաբաշխել խնայողությունները` ազգային արժույթից դարձնելով դոլար, ինչը և արտացոլվել է դեպոզիտների դոլարացման բարձրացման վրա։

Խնայողությունների վերաբաշխումը հիմնականում գրանցվում էր 2014 թ.–ի դեկտեմբերին ցպահանջ ավանդներում։ Այսպես, դրամով ցպահանջ ավանդները նախորդ տարվա դեկտեմբերին նվազել են 9,8 տոկոսով` հասնելով 180,5 մլրդ դրամի, իսկ դոլարով ցպահանջ ավանդներն ավելացել են 6,6 տոկոսով` մինչև 846,7 մլրդ դրամ։

ԿԲ–ի տվյալներով ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդների դոլարացումը 2014թ.–ի դեկտեմբերին կազմել է 74,4 տոկոս` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 3 տոկոսային կետով, իսկ 2013 թ.–ի դեկտեմբերի համեմատ` 3,2 տոկոսային կետով։

Ավանդների դոլարացման աճի հետ կապված նմանատիպ իրավիճակ է գրանցվել նաև 2009թ.–ին, երբ դոլարացման մակարդակը 2008թ.–ին գրանցված 44,1 տոկոսից ավելացել էր` 2009թ.–ի մարտին գրանցվելով 66,6 տոկոս։ Դա տեղի ունեցավ դրամի արժեզրկումից անմիջապես հետո, որը կապված էր ԿԲ–ի կողմից լողացող փոխարժեքի քաղաքականության անցման հետ։ 2009թ.–ի վերջին այս ցուցանիշը հասավ իր պատմական առավելագույն մակարդակին` 68,6 տոկոս։

Վերջին տասնամյակում ԿԲ–ն բազմաթիվ քայլեր է ձեռնարկել` ուղղված բանկային համակարգի դեպոզիտների ապադոլարացմանը, մասնավորապես`կարգավորիչը բարձրացրել է արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը և արժութային գործառնությունների կարգավորման նորմատիվը։

Հարկ է նշել, որ իրավիճակը կայունացնելու համար արտարժույթի շուկայում 2014թ.–ի դեկտեմբերին ԿԲ–24 տոկոսի է հասցրել արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը, ընդ որում պահուստավորումն ամբողջովին իրականացվում է ազգային արժույթով։ Մինչ այս որոշումը հայկական բանկերի համար պարտադիր պահուստավորման նվազագույն չափը կազմում էր 12 տոկոս, որից 9 տոկոսը պահուստավորվում էր դրամով, 3 տոկոսը` ԱՄՆ դոլարով։

Այսօր նորմատիվը կազմում է 20 տոկոս, սակայն այն դեռ մնում է բարձր մակարդակում։

ԿԲ–ի նման որոշումը դրամային լիկվիդայնության հանգեցրեց Հայաստանի առևտրային բանկերի շրջանում, ինչն իր հերթին հանգեցրեց տոկոսադրույքների բարձրացման։ Այսպես, դրամով դեպոզիտների տոկոսադրույքները Հայաստանում ավելացել են` հասնելով 16–18 տոկոսի` մեկ տարի առաջ գրանցված 13–14 տոկոսի համեմատ։

Պահուստավորման նորմատիվների ավելացումը կհանգեցնի դրամի նկատմամբ պահանջարկի ավելացման, սակայն այն կլինի կարճաժամկետ։

Փորձագետները կարծում են, որ երկրում դոլարացման մակարդակի նվազմանը հիմնականում խոչընդոտում են ներկրման (ՀՆԱ–ի մոտ 45 տոկոսը), մասնավոր փոխանցումների մեծ ծավալները (ՀՆԱ–ի մոտ 17 տոկոսը) և բնակչության կողմից բարձր գնաճային սպասումները։ Վերլուծաբանների գնահատմամբ` դոլարացման արդյունավետ գործիք կարող է դառնալ միայն կայուն ազգային արժույթը երկարաժամկետ ժամանակահատվածում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև