«Կամուրջ» ՈՒՎԿ–ի վարկային պորտֆելը I եռամսյակում աճել է ավելի քան 5%-ով` հասնելով մոտ 15 մլրդ դրամի

06.05.2015 14:25
«Կամուրջ» ՈՒՎԿ–ի վարկային պորտֆելը I եռամսյակում աճել է ավելի քան 5%-ով` հասնելով մոտ 15 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» ՈւՎԿ–ի վարկային պորտֆելը 2015 թ.–ի առաջին եռամսյակում ավելացել է 1 մլրդ դրամով կամ 5 տոկոսով` կազմելով շուրջ 15 մլրդ դրամ, հաղորդում է վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` «Կամուրջ» ՈւՎԿ–ի համախառն ակտիվներն առաջին եռամսյակի արդյունքում կազմել են ավելի քան 16 մլրդ դրամ` ավելանալով մոտ 3 տոկոսով, իսկ հաճախորդների թիվը` մոտ 20 հազարով (5 տոկոսի աճ)։

«Մենք արժևորում ենք նշված ցուցանիշների աճը՝ հատկապես հաշվի առնելով ֆինանսատնտեսական դաշտում առկա ներկա իրավիճակը: Նշված աճը վկայում է «Կամուրջ» վարկային կազմակերպության նկատմամբ հաճախորդների վստահության մակարդակի աճի մասին և պայմանավորված է մեր կողմից տրամադրվող պարզ և հասանելի վարկատեսակներով, որոնց պայմանները առավելագույնս հարմարեցված են մեր հաճախորդների պահանջմունքներին, բիզնեսի և գյուղատնտեսության սեզոնայնությանը», – նշել է «Կամուրջ» ՈւՎԿ–ի խորհրդի նախագահ Արա Աղայանը։

Նրա խոսքերով` 2015 թ.–ի առաջին եռամսյակում ընկերությանը հաջողվել է պահպանել զուտ շահույթը, որը կազմել է ավելի քան  0,2 մլրդ ՀՀ դրամ, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ֆինանսական համակարգում 2015-ին առկա են ռիսկային պորտֆելի աճի ակնհայտ միտումներ։

«Սա արդյունք է նաև այն հանգամանքի, որ նույնիսկ 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, արտարժույթի փոխարժեքի տատանման ժամանակահատվածում, երբ ֆինանսական դաշտում առկա էին վարկավորման դադարեցման միտումներ, ընկերությունը վարկային քաղաքականության խստացմանը զուգահեռ նույնիսկ 1 օրով չէր դադարեցրել վարկավորման գործընթացը (այդ թվում ՀՀ դրամով), որը շատ կարևոր էր մեր հաճախորդների համար», – ասել է նա։

Աղայանն ընդգծել է, որ 2015-ին ընկերությունը շարունակելու է ապահովել վարկային պորտֆելի և հաճախորդների քանակի կայուն աճը՝ պահպանելով և էլ ավելի բարելավելով պորտֆելի որակական ցուցանիշները։

«Կամուրջ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին` «Կամուրջ» ՍՊԸ–ի վերակազմավորման արդյունքում: Վարկային կազմակերպությունը հիմնադրվել է Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև