Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի 2015 թ.–ի առաջին կիսամյակի վարկանիշը

22.07.2015 15:22
Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի 2015 թ.–ի առաջին կիսամյակի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի առևտրային բանկերի վարկանիշը, որոնք 2015 թ.–ի առաջին կիսամյակի արդյունքում ամենաշահութաբերն են եղել։

Հայկական բանկերի զուտ շահույթը այս տարվա առաջին վեց ամսում կազմել է մոտ 8,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 54,37 տոկոսով։ Հարկ է նշել, որ Հայաստանում գործող 21 բանկերից շահութաբեր են 14–ը։

Միաժամանակ մնացած յոթ բանկերը կրել են 8,65 մլրդ դրամի վնաս` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում վեց բանկերի կողմից կրած 2,7 մլրդ դրամի վնասի դիմաց։ Հատկանշական է, որ բանկերի մոտ շահույթի կրճատման միտում է գրանցվել դեռևս 2014 թ.–ի երկրորդ եռամսյակից, որը շարունակվում է մինչև հիմա։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն` ամենաշահութաբեր բանկերի առաջատար հնգյակում ներառվել են HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը, Ինեկոբանկը, Հայբիզնեսբանկն ու Արդշինբանկը։ Այս բանկերի համախառն շահույթը 2015 թ.–ի 6 ամսում կազմել է 11,8 մլրդ դրամ։

Այսպիսով` երկրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր բանկը HSBC Բանկ Հայաստանն է, որի զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3,65 մլրդ դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6,68 տոկոսով։

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը, որի շահույթը կազմել է 3 մլրդ դրամ` ապահովելով 4,66 տոկոսի աճ։

Երրորդ տեղում է Ինեկոբանկը, որի շահույթը նվազել է 4,52 տոկոսով` դառնալով 2 մլրդ դրամ։

Չորրորդ տեղում է Հայբիզնեսբանկը` 1,54 մլրդ դրամի շահույթով, որը, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 24,56 տոկոսով։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Արդշինբանկը, որի շահույթը վեց ամսում կրճատվել է 46,14 տոկոսով`կազմելով 1,5 մլրդ դրամ։

Երկրորդ եռամսյակի արդյունքում վնասներ են արձանագրել Հայկական զարգացման բանկը` 46,8 մլն դրամ, Հայէկոնոմբանկը` 81,1 մլն դրամ, Բիբլոս Բանկ Հայաստանը` 502,3 մլն դրամ, Անելիք բանկը` 902,4 մլն դրամ, Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը` 1 156,2 մլն դրամ, ՎՏԲ–Հայաստան Բանկը` 1 208,4 մլն դրամ և Արցախբանկը` 4 753,4 մլն դրամ։

Հարկ է նշել, որ 2015 թ.–ի առաջին կիսամյակում, տարեսկզբի համեմատ, 3,62 տոկոսով կրճատվել են բանկերի համախառն ակտիվները` հասնելով 3 267 մլրդ դրամի, պարտավորությունները կրճատվել են 5,1 տոկոսով` հասնելով 2 764,3 մլրդ դրամի, վարկային ներդրումները` 4,53 տոկոսով` հասնելով 2 069,2 մլրդ դրամի և հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 1 տոկոսով` հասնելով 1 678,7 մլրդ դրամի։

Ընդհանուր առմամբ, շահույթի և մնացած հիմնական ցուցանիշների նվազումը պայմանավորված է բանկերի կողմից վարկերի հարցում հնարավոր կորուստների համար պաշարների կուտակմամբ։ Միաժամանակ բանկերի շահութաբերության նվազման վրա ազդել է երկրում տիրող տնտեսական իրավիճակը, կարգավորիչի կողմից մի քանի նորմատիվների խստացումը (մասնավորապես` կապիտալին վերաբերող նորմատիվների), ինչպես նաև ֆինանսական շուկայում հայկական դրամի արժեզրկման հետ կապված ցնցումները։

2015 թ.–ի առաջին կիսամյակի համար զուտ շահույթի գծով բանկերի վարկանիշը կազմելու համար աղբյուր է ծառայել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը։

Այս տեղեկագիրը և գործակալության մյուս լրատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարկետինգի բաժին (е-mail: [email protected])։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև