Անելիք Բանկը միացել է Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգին

19.01.2016 21:21
Անելիք Բանկը միացել է Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը համալրել է իր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի ցանկը ևս մեկով` միանալով Ria Money Transfer արագ դրամական փոխանցումների համակարգին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Սա հնարավորություն կընձեռի բԲանկի հաճախորդներին ընտրել դրամական փոխանցումների իրականացման տարբերակներից այդ պահին իրենց համար առավել հարմարավետը։

Այս համակարգով առանց բանկում հաշիվ բացելու հնարավոր է ուղարկել և ստանալ գումար աշխարհի ավելի քան 147 երկրներից: Անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը և բանկը:

Ria Money Transfer համակարգով գումար ստացողը միջնորդավճար չի վճարում և ստանում է մաքուր գումարը, իսկ ուղարկելիս միջնորդավճարի չափը կախված է փոխանցման ուղղությունից։ Դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 2%-ը (նվազագույնը` 4 Եվրո), ԱՊՀ այլ երկրներ` 2,5%-ը, (նվազագույնը 5 Եվրո), իսկ դեպի այլ երկրներ`3%-ը (նվազագույնը` 6 Եվրո):

«Անելիք Բանկը, կարևորելով իր կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը, հաճախորդներին հնարավորություն է տալիս առաջարկվող բանկային պրոդուկտների տարբերակներից ընտրել տվյալ գործարքի համար առավել հարմարավետը։ Այս սկզբունքը վերաբերում է նաև դրամական փոխանցումների համակարգերին», – նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` Ria Money Transfer համակարգով դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել ԱՄՆ դոլարով և եվրոյով։ Մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 5 000 ԱՄՆ դոլար կամ եվրո:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաև ANELIK, MONEYGRAM, INTELEXPRESS, CONVERSE TRANSFER, SIGUE MONEY TRANSFER և UNISTREAM դրամական փոխանցումների համակարգերով։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։

Բանկի ակտիվները 2015 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել են ավելի քան 90 մլրդ դրամ (3,4 տոկոսի աճ), պարտավորությունները` 76,6 մլրդ դրամ (5,5 տոկոսի աճ)։ Միաժամանակ բանկի զուտ վնասը 2015 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է մոտ 1,2 մլրդ դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 480,9 մլն դրամի վնասի համեմատ ($1- 485,87 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև