Անելիք Բանկը կտեղաբաշխի պարտատոմսերի 4-րդ տրանշը

28.06.2017 18:18
Անելիք Բանկը կտեղաբաշխի պարտատոմսերի 4-րդ տրանշը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. 2018 թ.–ի հունիսի 29-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Անելիք Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի չորրորդ՝ դոլարային տրանշը:

Բանկի պարտատոմսերի 4-րդ թողարկումը ներառելու է 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% տարեկան տոկոսադրույքով և 2 տարի շրջանառության ժամկետով, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Չորրորդ թողարկման ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

««Անելիք Բանկը» արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներից է, և հաշվի առնելով նախորդ թողարկումների ժամանակ դրսևորված պահանջարկը` պարտատոմսերի թողարկումները կկրեն պարբերական բնույթ: Մինչ այսօր Բանկն արդեն թողարկել է 10 մլն ԱՄՆ դոլարի և 1 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում», - նշել է Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1991 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև