Հայաստանի կառավարությունը կզարգացնի համագործակցությունը «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հետ

20.05.2019 16:29
Հայաստանի կառավարությունը կզարգացնի համագործակցությունը «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կառավարությունը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հետ։ Այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում գործող երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, բիզնես մոնիտորինգի և հսկողության գծով տնօրեն Բերնար դը Վիթի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի 5-ամյա գործունեության առթիվ և նշել, որ Հայաստանի Կառավարությունը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը նման վստահելի և հեղինակավոր գործընկերոջ հետ:

Մհեր Գրիգորյանն առանձնակի կարևորել է բարեփոխումների իրականացման գործընթացում թափանցիկ և կայուն գործելակերպ ունեցող ընկերությունների մասնակցությունը:

Բերնար դը Վիթը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հակիրճ ներկայացրել է ընկերության գործունեությունը և գործելակերպը:

Զրուցակիցները համակարծիք են եղել Հայաստանում ֆինանսական շուկայի զարգացման գործում արժեթղթերի շուկայի կայացման կարևորության հարցում: Հանդիպմանը մասնակիցները շեշտել են հասարակության շրջանում կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ համարելով այն առաջնային խնդիր համակարգը զարգացնելու և համագործակցությունը խորացնելու հարցում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ավարտին ևս մեկ անգամ նշել է համագործակցությունն ընդլայնելու Կառավարության ցանկության մասին՝ ընդգծելով, որ համատեղ իրականացվում է շատ պատասխանատու միջոցառում, որն ունի կարևոր սոցիալական, տնտեսական և ֆինանսական ազդեցություն: 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թվայնացման լայնածավալ գործընթացը մեկնարկել է 2018 թվականին՝ կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերության հետ համագործակցության շնորհիվ: Բանկի ամբողջական թվայնացումը նպաստելու է նաև հաճախորդների պահանջմունքներին արագ արձագանքելուն, ինչպես նաև նոր աշխատակիցների ներգրավմանն ու նրանց կարիերայի զարգացմանը:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև