ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հետաքրքիր և խոստումնալից նախագծերին կտրամադրի համամեմատաբար մեծ վարկեր

06.12.2016 18:19
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հետաքրքիր և խոստումնալից նախագծերին կտրամադրի համամեմատաբար մեծ վարկեր

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վերանայում է իր վարկային քաղաքականությունը:

Այս մասին հայտնել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ բանկի Լոռու մասնաճյուղում մարզի գործարարների հետ հանդիպման ժամանակ:

Բանկի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային և համայնքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:

«Մենք երկու տարի շարունակ զերծ ենք մնացել խոշոր վարկեր տրամադրելուց, մաքրել և առողջացրել ենք մեր պորտֆելը: Սա եզակի երևույթ է բանկային համակարգում, մենք գնացինք այդ քայլին, քանի որ առաջնորդվում ենք պատասխանատու բիզնեսի սկզբունքներով», - նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենը:

Մյուս կողմից, նրա խոսքով, վերջին ամիսներին կառավարության ներկայացուցիչների և միջազգային կառույցների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ներկայացված փոփոխությունների նախագծերը իսկապես տպավորիչ են եղել:

«Հաշվի առնելով այս հանգամանքները՝ բանկի խորհուրդը քննարկել և որոշել է, որ մենք այսուհետ պատրաստ ենք հետաքրքիր և խոստումնալից նախագծերին տրամադրել համամեմատաբար մեծ վարկեր: Արդեն մի քանի ամիս է՝ գործարար շրջանակներից դրական ազդակներ են գալիս, և ակնկալում ենք շուտով հանրապետության ներդրումային դաշտի էական փոփոխությունների ականատեսը լինել», - ասել է նա:

Անդրեասյանի խոսքով, այս կերպ բանկը առաջին պատասխան քայլն է անում՝ նպատակ ունենալով մասնակից դառնալ բարեփոխումների գործընթացին:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկն այսպիսով համագործակցության հայտ է ներկայացնում հեռանկարային նախագծերի իրականացմամբ հետաքրքրված բոլոր կողմերին: Տրամադրվելիք վարկերի տոկոսադրույքներն ու ժամկետները կախված կլինեն նախևառաջ նախագծերի ֆինանսական գնահատականից և բազմակի ազդեցության՝ մուլտիպլիկատորի էֆեկտից: Որպես տոկոսադրույքները նվազեցնելու ևս մեկ գործիք` կդիտարկվի նաև փաթեթային համագործակցության հեռանկարը՝ ներկայացնելով բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների շատ ավելի լայն ցանկ, քան միայն վարկավորումը:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև