Արդշինբանկը հաջողությամբ ավարտել է 5 տարի մարման ժամկետով եվրոպարտատոմսերի թողարկումը

29.01.2020 18:29
Արդշինբանկը հաջողությամբ ավարտել է 5 տարի մարման ժամկետով եվրոպարտատոմսերի թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./ԱՌԿԱ/. Արդշինբանկը հաջողությամբ ավարտել է 300 մլն ԱՄՆ դոլարի՝  5 տարի մարման ժամկետով եվրոպարտատոմսերի թողարկումը։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։  

2020 թվականի հունվարի 21-ին Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով): Ba3 վարկանիշ (ըստ Moodys-ի) և B+ վարկանիշ (ըստ Fitch-ի) ստացած այդ եվրոպարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 300 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 5 տարի, եկամտաբերությունը՝ 6.5%:

Եվրոպարտատոմսերը ցուցակված են Իռլանդիայի ֆոնդային բորսայում (Irish Stock Exchange), իսկ քլիրինգն իրականացվում է DTC, Euroclear և Clearstream-ի համակարգերում: Որպես թողարկման կազմակերպիչ հանդես են եկել Սիթիբանկը (Citigroup Global Markets Limited (Citigroup)) և Ռենեսանս կապիտալ (Renaissance Securities) ներդրումային ընկերությունը:     

Տարածված հաղորդագրության համաձայն, Արդշինբանկի իրականացրած գործարքն աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ մինչ այժմ չի եղել որևէ մասնավոր կառույց, որն այդ ծավալի միջոցներ ներգրավի ու մի գործարքով նման ծավալի օտարերկրյա ներդրումային հոսք ապահովի երկիր:

«Պարտատոմսերի թողարկման ժամանակ պահանջարկը մոտեցել է 500 մլն դոլարի սահմանին: Միջազգային կապիտալի շուկաներում ներկայումս Հայաստանը ներկայացնող միակ մասնավոր կառույցի թողարկած պարտատոմսերի ներդրողների քանակը 70-ից ավել է: Ներդրողների 45%-ը Շվեյցարիայից է, 30%-ը՝ ԱՄՆ-ից, մնացածը՝ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, այլ երկրներից: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ բանկի թափանցիկության աստիճանը, ռիսկերի մակարդակն ու բիզնես վարելու ռազմավարությունն ընդունելի են միջազգային ներդրողների համար ու համապատասխանում են միջազգայնորեն ընդունելի բոլոր ստանդարտներին»,– նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության, նոր՝ 5 տարվա երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն Արդշինբանկին հնարավորություն է տալիս մատչելի պայմաններով երկարաժամկետ ներդրումային միջոցներ առաջարկել ոչ միայն Հայաստանի տնտեսության առանցքային ընկերություններ հանդիսացող հաճախորդներին, այլև բնակչությանը՝ հատկապես հիփոթեքային վարկավորման նպատակով:

«Սա Արդշինբանկի եվրոպարտատոմսերի երրորդ թողարկումն է, և այն դարձել է ամենամեծը ոչ միայն թողարկման տեսանկյունից, այլև Հայաստանի ժամանակակից պատմության մեջ:  Ոգևորիչ է, որ մեզ վստահում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային շուկաներում: Մենք հպարտ ենք, որ ներկայացնում ենք մեր երկիրը միջազգային շուկաներում՝ հանդիսանալով երկրի ազգային բրենդ: Սա ասելով՝ հասկանում ենք նաև մեր պատասխանատվությունը՝ լինել հաճախորդների կողքին՝ աջակցելով նրանց բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև մշտապես լինել երկրում իրականացվող խոշոր և մասշտաբային բիզնես ծրագրերի ֆինանսավորող»,– նշել է ` Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանն` իրադարձությունը մեկնաբանելով։

Արդշինբանկը Հայաստանում առաջին մասնավոր ընկերությունն է, որը թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում: Առաջին թողարկումն իրականացվել է 2014-ին 75 միլիոն ԱՄՆ դոլարի ծավալով: Երկրորդ թողարկումն իրականացվել է 2015 թվականի հունիսին՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով:

Եվրապարտատոմսերը թողարկվել են Dilijan Finance B.V.- ի կողմից (Նիդեռլանդներ)` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարկի ֆինանսավորման համար` բանկային գործունեություն իրականացնելու նպատակով, այդ թվում` պարտքի մարման վերաֆինանսավորումը` պայմանագրի համաձայն: Dilijan Financial BV- ն վճարելու է միայն Արդշինբանկից վարկային պայմանագրով ստացված մուրհակների (մայր գումարը և տոկոսները) գումարը:

2019 թ.-ի ապրիլին Fitch- ը հաստատել է «Արդշինբանկի» արտարժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-term Issuer Default Rating IDR) «B+» մակարդակում` կանխատեսումը «Կայուն»:

Fitch-ը նաև հաստատել է բանկի էմիտենտի կարճաժամկետ վարկանիշը (Short-Term IDR) «B» մակարդակում, կենսունակության վարկանիշը (Viability Rating)` «b+» մակարդակում, աջակցության վարկանիշը (Support Rating)` «5» մակարդակում, Floor աջակցման վարկանիշը` «No Floor» մակարդակում:

 «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հիմնվել է 2002թ.-ի դեկտեմբերին: 2003 – Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից (լիցենզիա թիվ 83): Ի սկզբանե բանկը կոչվում էր «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ անվանումը: 2014թ.-ի նոյեմբերին վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ: Հայաստանի բանկային համակարգի առաջատար 3 բանկերից մեկն է: Հայաստնի միակ մասնավոր հաստատությունն է, որին տրվել են 2 միջազգային վարկանիշային գործակալությունների՝ Moody’s-ի և Fitch-ի վարկանիշեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև