Հայկական դրամի արժևորման գործում դեր է խաղացել արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվի բարձրացումը

20.12.2014 17:59
Հայկական դրամի արժևորման գործում դեր է խաղացել արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվի բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժևորումը հարկ է դիտարկել Հայաստանի Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերի համատեքստում։

Խոսքը, մասնավորապես, Կենտրոնական բանկի` դեկտեմբերի 17–ին ընդունած արտարժույթով առևտրային բանկերի պարտադիր պահուստավորման նորմատիվը 12 տոկոսից մինչև 24 տոկոս բարձրացնելու մասին որոշումը։

«24.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից արտարժույթով, ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներով (այսուհետ` մետաղական հաշիվ) ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 24 տոկոսի չափով, որն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով»,– ասվում է ԿԲ–ի` 2007 թվականի փետրվարի 9–ի N 39 որոշման փոփոխությունների կատարման որոշման մեջ։

Մինչ այդ որոշումը հայկական բանկերի պարտադիր պահուստավորման նվազագույն չափը կազմել է 12 տոկոս, դրանցից 9 տոկոսը պահուստավորվել է դրամներով, իսկ 3 տոկոսը` ԱՄՆ դոլարով։

Ինչպես հայտնի է, պարտադիր պահուստավորման նորմատիվները ԿԲ–ի` դրամական ոլորտի վրա կարգավորող արդյունավետ գործիքներից մեկն է։ Տվյալ գործիքի շնորհիվ, կարգավորիչը միաժամանակ երկու խնդիր է լուծում` կարգավորում է փողի զանգվածի ծավալը և առևտրային բանկերի գործունեության ռիսկերը։

Արդեն դեկտեմբերի 18-ին, այսինքն, ԿԲ–ի վերոնշյալ որոշման` ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, Հայաստանի դոլարի միջին շուկայական փոխարժեքը իջավ 30,2 կետով` մինչև 497 դրամ $1 համար։ Ընդ որում, նվազման միտումը շարունակվել է, և մինչև դեկտեմբերի 20–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 32,43 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 464,57 դրամ։

Հատկանշական է, որ դեկտեմբերի 17–ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ երկրում դոլարի փոխարժեքը գերագնահատվել է և որ այն անպայման կնվազի։ ԿԲ ղեկավարը նշեց, որ դոլարի իրական գինը հայկական շուկայում հայտնի կդառնա անհիմն խուճապի և սպեկուլյացիաների պատճառները վերացնելուց հետո։ Միաժամանակ, ոչինչ չի հաղորդվել կարգավորիչի` արտարժութային ներգրավված միջոցների պահուստավորման չափը բարձրացնելու որոշման մասին, բայց ասվել է, որ ԿԲ–ն չի ծրագրում վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայում։ Կարգավորիչի հաղորդման համաձայն, ԿԲ–ի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը, կանցկացվի դեկտեմբերի 24–ին։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Մի շարք փորձագետներ կանխատեսում էին, արժութային փոխարժեքը չի գերազանցի 460-500 դրամը։ Սակայն դրամը շարունակեց արժեզրկվել, և  դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին բորսայական փոխարժեքը հասավ 560 դրամի։

Արժութային շուկայում և արժութային սպեկուլյացիաները զսպելու համար Հայաստանի ԿԲ–ն դեկտեմբերի 3–ին լոմբարդային ռեպո տոկոսադրույքները 10.25%–ից բարձրացրել է մինչև 21%–ի, իսկ դեկտեմբերի 8–ից սկսել է արժութային ինտերվենցիաներ իրականացնել սահմանափակ քանակությամբ ամենօրյա աճուրդների միջոցով։ Դեկտեմբերի 8-12–ը ԿԲ–ն օրական բանկերին վաճառել է 6 միլիոնական դոլար, իսկ այնուհետև կրճատել է այդ ծավալը մինչև 4 մլն դոլար։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև