«Լոնդոն-Երևան» ընկերության ապահովագրական վճարումները 11 ամսվա ընթացքում կազմել են 207 մլն դրամ

13.01.2010 17:47
«Լոնդոն-Երևան» ընկերության ապահովագրական վճարումները 11 ամսվա ընթացքում կազմել են 207 մլն դրամ

«Լոնդոն-Երևան» ընկերության գործադիր տնօրենի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը:

ԱՌԿԱ. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ապահովագրական շուկան։

Ա. Փիրուզյան. Հայաստանի ապահովագրական շուկան դեռևս սաղմնային փուլում է։ Եվ տվյալ պահին շատ դժվար է կանխատեսել, թե ո՞ր ուղղությամբ և ի՞նչ տեմպերով այն կզարգանա։

Իմ կարծիքով, շուկայի զարգացման ընթացքը կարելի է բաժանել երեք փուլի՝ մեգակարգավորիչի (Կենտրոնական բանկի) վերահսկողության ներքո անցնելուց առաջ, ԿԲ վերահսկողության ներքո անցնելուց հետո և ներկա փուլը։

Վերջինը բնութագրվում է ապահովագրական ընկերությունների՝ նոր մակարդակի անցնելու հետ կապված փոփոխություններով, երբ ապահովագրողներն իրենց ռազմավարություններն են իրականացնում շուկայում (այդ թվում՝ նաև գնային), որոշակի տեղ են զբաղեցնում և ամրապնդում են իրենց դիրքերը։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե այդ փուլը հանգեցնի սակագների ընդհանուր բարձրացմանը, և ոչ թե հակառակը։

ԱՌԿԱ. Ե՞րբ է հիմնվել ձեր ընկերությունը, և ապահովագրության ո՞ր տեսակներով եք դուք զբաղվում։

Ա. Փիրուզյան. Ընկերությունը Հայաստանի ապահովագրության շուկայում սկսել է իր գործունեությունը 2000 թվականին։ «Լոնդոն-Երևան»-ի հիմնադիրն ու 100-տոկոսանոց բաժնետերը Լոնդոնգեյթ (Londongate) բրիտանական խումբն է, որի կազմում են Մեծ Բրիտանիայում, Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ և Աֆրիկայի երկրներում իրենց գործունեությունը ծավալող ընկերություններ։

Հավաքած ապահովագրական վճարների ծավալով ընկերությունը գրեթե միշտ հայկական ապահովագրական ընկերությունների առաջատարների եռյակում է։ Մենք իրականացնում ենք գույքի, ավտոտրանսպորտի, պատասխանատվության, դժբախտ պատահարներից ապահովագրում, առողջության ապահովագրում և արտերկիր մեկնողների ապահովագրում։Մենք չենք զբաղվում ավիացիոն ռիսկերի ապահովագրումով։

ԱՌԿԱ. Ինչպիսի՞ն են «Լոնդոն-Երևան» ընկերության հիմնական ցուցանիշները 2009 թվականի տասնմեկ ամիսների ընթացքում։

Ա. Փիրուզյան. Նոյեմբերի 30-ի դրությամբ ընկերության ապահովագրական վճարների ծավալները կազմել են մոտ 207 մլն դրամ, ինչը 70 մլն դրամով ավելի է 2008 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ինչ վերաբերում է ընկերության կանոնադիր կապիտալին, ապա այն ավելացել է 44,5 մլն դրամով՝ 2009 թվականի նոյեմբերի 30-ին կազմելով 575 մլն դրամ։ Ընկերության ակտիվները կազմել են 1 մլրդ 384 մլն դրամ, ինչը 264,8 մլն դրամով բարձր է 2008 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ընկերության պարտավորությունները կազմում են 595,5 մլն դրամ՝ 2008 տարվա ցուցանիշին զիջելով 7 մլն դրամով։

ԱՌԿԱ. Ինչպե՞ս է գլոբալ տնտեսական ճգնաժամն ազդել Հայաստանի ապահովագրական շուկայի, մասնավորապես «Լոնդոն-Երևանի» վրա։

Ա. Փիրուզյան. Ճգնաժամն, ազդելով ֆինանսաբանկային ոլորտի վրա, հետադարձ հարված հասցրեց ապահովագրական շուկային։ Նվազեցին վարկավորման ծավալները, և, որպես հետևանք, ապահովագրական ծախսերի ծավալները։ Կարելի է պնդել, որ ապահովագրության բնագավառում անկումը մեծ կախվածություն է ունեցել բանկային ոլորտից։

Մեր ընկերության անկումը ճգնաժամի հետևանքով 2009 թվականին հավաքած վճարների ցուցանիշներով, 2008 թվականի համեմատ, կկազմի 10 տոկոսից ոչ ավելի։
ԱՌԿԱ. Կա՞ն, արդյոք, կանխատեսումներ այս շուկայի առողջացման ժամկետների վերաբերյալ։

Ա. Փիրուզյան. Դա կախված կլինի բանկային ոլորտի աշխուժացումից, ինչպես նաև, ինչը պակաս կարևոր չէ, պարտադիր ապահովագրության մասին որոշումից։ Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, այդ օրենքն արդեն երկու ընթերցմամբ անցել է Ազգային ժողովում։ Այդ օրենքի ներդրումն իրենից բավական ցավոտ գործընթաց է ներկայացնում, բայց պարտադիր ապահովագրությունն իսկապես անհրաժեշտ է։

Այս առումով պետությանը բավական լուրջ աշխատանք է սպասվում պաշտպանող ենթակառուցվածքների և հաստատությունների՝ գնահատողների ինստիտուտի, ճանապարհային ոստիկանության ծառայության, դատական մարմինների ստեղծման և զարգացման մասով։ Հակառակ դեպքում ապահովագրական ընկերությունները կբախվեն բավական լուրջ խնդիրների, որոնց լուծումն աշխատատար և թանկ կլինի։

Սրանում է կայանում, մի կողմից, բնակչության (բարեխիղճ ապահովագրողների) համընդհանուր դժգոհությունը, մյուս կողմից, ապահովագրական ընկերությունների (ապահովագրական ընկերություններում ներդրում կատարողների) հնարավոր հիասթափությունը։

ԱՌԿԱ. Ինչպիսի՞ հիմնական խնդիրների հետ են բախվում Հայաստանի ապահովագրական ընկերությունները։

Ա. Փիրուզյան. Այս շուկայի հիմնական խնդիրները կապված են մշակույթի բացակայության և ապահովագրական նախորդող փորձի բացակայության հետ։ Հաճախ մարդիկ ապահովագրական պայմանագրեր են կապում՝ նախապես չծանոթանալով պայմանագրի պայմաններին, ինչի արդյունքում հետագայում խնդիրներ և դժգոհություններ են առաջանում։

ԱՌԿԱ. Ապահովագրության ո՞ր տեսակներն են առավել մեծ պահանջարկ վայելում Հայաստանում։

Ա. Փիրուզյան. Ապահովագրության առավել պահանջված տեսակները Հայաստանում գույքի, բեռների և ավտոտրանսպորտի ապահովագրությունն է։ Աստիճանաբար մասսայական է դառնում բուժապահովագրությունը, հատկապես՝ բուժապահովագրության կորպորատիվ փաթեթները։

ԱՌԿԱ. Ձեր կարծիքով, առողջ մրցակցություն գոյություն ունի՞ Հայաստանի ապահովագրական ընկերությունների միջև։

Ա. Փիրուզյան. Իմ կարծիքով, ոչ։ Առայժմ մրցակցությունն արտահայտվում է միայն ապահովագրական սակագների նվազեցման տեսքով, իսկ դա չի կարող առողջ մրցակցություն համարվել։ Առողջ մրցակցությունը համալիր քաղաքականություն է ենթադրում՝ ծառայության բարելավում, գրագետ մարքեթինգի անցկացում և, որպես հետևանք, շուկայի ընդլայնում՝ տնտեսության սեգմենտների և սպառողների հաշվին։

Ներկայում մրցակցությունը սահմանափակվում է այլ ընկերությունների հաճախորդներին «գրավելով»՝ ապահովագրական սակագների իջեցման միջոցով: Արդյունքում շուկայում ձևավորվում են շատ ցածր գներ, և բիզնեսը կորցնում է իմաստը։ Օրինակ, բժշկական, ավտոմեքենաների ապահովագրման գների անկման միտումը սարսափելի ծավալների է հասնում։

Սակայն կցանկանայի ավարտել զրույցը դրական նոտայով, այն է՝ վստահություն հայտնել, որ շուկան բոլոր հարցերն ինքնուրույն կլուծի՝ թե իր մասնակիցների, թե սպառողների օգտին մանրամասն նախագծված և զգույշ պետական միջնորդության օգնությամբ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև