Ամերիաբանկն առաջարկում է նոր ծառայություն ՀՀ ֆինանսական շուկայում

23.04.2010 14:36
Ամերիաբանկն առաջարկում է նոր ծառայություն ՀՀ ֆինանսական շուկայում

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը հանրությանն առաջարկում է հայաստանյան ֆինանսական շուկայում եզակի ծառայություն, որը նախատեսված է և իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն է ընձեռվում դուրս գալ միջազգային շուկաներ և գումարներ վաստակել նավթի, ոսկու, Դոու-Ջոնսի ինդեքսի և այլ ակտիվների գների փոփոխությունից, առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի և դեռ ավելին` ստանալ ներդրված ավանդի դիմաց ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, շուկայի ցանկացած փոփոխության դեպքում:

Նշված հնարավորություններն ընձեռում է նոր «Կառուցվածքային» ավանդը, որի նվազագույն գումարը կազմում է 40 000 ԱՄՆ դոլար:

«Կառուցվածքային» ավանդից ստացվող եկամուտը բաղկացած է երկու մասից. առաջին մասն իրենից ներկայացնում է հիմնական եկամուտը, որը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից` ֆիքսված տոկոսադրույքով, իսկ երկրորդ մասն իրենից ներկայացնում է հավելյալ եկամուտ, որը ձևավորվում է միջազգային շուկաներում` բազային ակտիվների գնի փոփոխությունից: Որպես ակտիվներ դիտարկվում են նավթը, ոսկին, Դոու-Ջոնսի ինդեքսը և այլն:

Հավելյալ եկամուտը կազմում է ակտիվի գների նախանշված փոփոխության հաշվին ձևավորված եկամտի որոշակի մասը և որոշվում է ներդրման պահին մասնակցության գործակցի սահմանման միջոցով, որը սահմանում է բանկը` օրական կտրվածքով: Այս գործակցի սահմանումը բանկին թույլ է տալիս կառավարել իր ռիսկերը` կապված «Կառուցվածքային» ավանդի ներգրավման հետ: Ակտիվի ֆիքսված տոկոսադրույքը կազմում է 1-5 %, և այն ընտրում է հաճախորդը, որից ելնելով Բանկը սահմանում է տվյալ ակտիվի մեջ նրա մասնակցության գործակիցը:

«Կառուցվածքային» ավանդը հնարավորություն է տալիս եկամուտ ստանալ նույնիսկ ակտիվի գնի անսպասելի փոփոխությունների ժամանակ, որը տվյալ դեպքում հավասար կլինի կառուցվածքային ավանդի հիմնական եկամտին:
Բանկն առաջարկում է երկու տիպի կառուցվածքային ավանդ` աճի և նվազման: Աճի ավանդի դեպքում հավելյալ եկամուտը վճարվում է, երբ ակտիվի արժեքի աճից ստացված եկամուտը գերազանցում է հիմնական եկամտին, որը հաշվարկվում է ֆիքսված տոկոսադրույքով, իսկ նվազման ավանդի դեպքում հավելյալ եկամուտը վճարվում է, երբ ակտիվի արժեքի նվազումից ստացվող եկամուտ բացասական է:

Երկու դեպքում էլ Ամերիաբանկն ապահովում է հիմնական եկամտի ստացմանը զուգահեռ նաև հավելյալ եկամտի ստացումը` համաձայն ավանդի ներգրավման պայմանագրում ամրագրված պարտավորության:

Ներկայացված ավանդատեսակն ապահովում է միջազգային շուկաների հասանելիություն և այդ շուկաներում եկամտի ստացման աննախադեպ հնարավորություն` զերծ տարատեսակ շուկայական ռիսկերից:

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև