Ամերիաբանկը և ՄՖԿ-ն ստորագրեցին Միջազգային սվոպների և ածանցյալ գործիքների միավորման հիմնական համաձայնագիրը

15.10.2010 18:17
Ամերիաբանկը և ՄՖԿ-ն ստորագրեցին Միջազգային սվոպների և ածանցյալ գործիքների միավորման հիմնական համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄՖԿ-ն և Ամերիաբանկը Հայաստանում ստորագրեցին Միջազգային սվոպների և ածանցյալ գործիքների միավորման հիմնական համաձայնագիրը։ Ուրբաթ ստորագրած համաձայնագրին համապատասխան, ՄՖԿ-ն Ամերիաբանկին ռիսկերի արդյունավետ կառավարման հնարավորություն է տալիս, որոնք առաջանում են միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված միջոցների տոկոսադրույքների փոփոխման արդյունքում։

Տնօրինության անդամ, «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը պարզաբանեց, որ բանկը միջազգային շուկայում լողացող տոկոսադրույքներով, հաճախ LIBOR մեխանիզմով ռեսուրսներ է ներգրավում, մինչդեռ հայկական ձեռնարկություններին վարկերը տրվում են ֆիքսված տոկոսադրույքներով։ Արդյունքում, ըստ նրա, լողացող տոկոսադրույքների փոփոխությունից կորուստների մեծ ռիսկ է առաջ գալիս։

«ՄՖԿ-ն միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող մեթոդ է առաջարկում, ըստ որի այն իր վրա է վերցնում լողացող տոկոսադրույքի փոփոխությունից առաջացած ռիսկերը՝ բանկի կողմից որոշակի վճարի դիմաց»,- ասաց Ջրբաշյանը։

Բանկի զարգացման տնօրենը հստակեցրեց, որ վճարների չափը կախված կլինի միջազգային շուկայի պայմաններից և ֆիքսված չէ։ Ջրբաշյանը նկատեց, որ վճարումների մեծությունը կախված կլինի նրանից, թե որ պահին բանկը կօգտվի իր ռիսկերի փոխհատուցման հնարավորությունից։ Ներկայում, ըստ նրա, բանկում սվոպ շուկայի իրավիճակի մշտական մոնիթորինգ է անցկացվում։

«Այս գործիքը թույլ կտա մեզ կրճատել շուկայի տոկոսադրույքների տատանումներից առաջացած մեր պոտենցիալ կորուստները։ Եթե նկատի առնենք, որ ներկայում միջազգային շուկաներից ներգրավված միջոցների մեր պորտֆելը կազմում է շուրջ 60 մլն դոլար, ապա տոկոսադրույքների փոփոխման յուրաքանչյուր տոկոսային կետը կազմում է շուրջ 60 հազար դոլար։ Այսպիսով, կորուստները բավականին շոշափելի գումար են կազմում»,- ընդգծեց տնօրենը։

Միաժամանակ Ջրբաշյանը տեղեկացրեց, որ ռիսկերի նվազեցումը կարող է հանգեցնել նաև տոկոսադրույքների նվազեցմանը, իսկ սվոպ-մեթոդների կիրառումը լրացուցիչ հնարավորություն կտա ավելի մրցունակ լինել շուկայում։ Միաժամանակ նա ընդգծեց, որ ռիսկերի նվազեցման մեխանիզմը ՄՖԿ-ի հետ ստորագրած համաձայնագրով կկիրառվի ոչ միայն անմիջապես տվյալ կորպորացիայից ներգրավված միջոցների, այլ նաև ուրիշ կառույցներից ստացված փոխառությունների նկատմամբ։

Ամերիաբանկի ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Անդրեյ Շինկևիչը հիշեցրեց, որ բանկի և Կորպորացիայի միջև համագործակցություն  է հաստատվել, մասնավորապես վերջերս ՄՖԿ-ն Ամերիաբանկին տրամադրեց 15 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկ փոքր հիդրոէլեկտրակայանների ֆինանսավորման նպատակով։ Համաձայնագրեր են ստորագրվել նաև 20 մլն դոլար ընդհանուր գումարի առևտրային ֆինանսավորման վերաբերյալ։

ՄՖԿ-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքն ասաց, որ պայմանագիրը ստորագրվում է միջազգային չափանիշներով և ռիսկերի կառավարման լավ հնարավորություն է ճգնաժամի պայմաններում։ Նա տեղեկացրեց, որ ՄՖԿ-ն նմանատիպ պայմանագրեր է ստորագրել արդեն 22 երկրների, մասնավորապես, Ռուսաստանի և Վրաստանի հետ։

«Սա մեր առաջին սվոպ համաձայնագիրն է Հայաստանում, և մենք ուրախ ենք, որ ապահովում ենք ֆինանսական տեխնոլոգիայի այս բարձր մակարդակը»,- ավելացրեց Լյուբեկը։

ՄՖԿ-ն Համաշխարհային բանկի խմբի անդամ է, 1995 թվականին կազմակերպությանն անդամակցելու պահից 87 մլն դոլար է ներդրել 18 ծրագրում, որոնք իրականացվել են երկրի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսական շուկաներում, արդյունաբերության ոլորտներում, էներգետիկայի, լեռնահանքային ոլորտում, քիմիական արտադրության մեջ։ ՄՖԿ-ն նաև խորհրդատվական ծառայություններ է տրամադրել օրենսդիր բազայի պարզաբանման վերաբերյալ։

Ամերիաբանկը Հայաստանում առաջին ներդումային բանկն է և սկսած 2007թ.-ից տրամադրում է նորարական բանկային պրոդուկտների լայն տեսականի: Ամերիաբանկը հիմնականում վարում է կորպորատիվ և ներդրումային բանկային գործունեություն: Այն պատկանում է ռուսաստանյան առաջատար ներդրումային բանկային «Տրոյկա դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «ԹիԴիԷյ Հոլդինգզ Լիմիթիդ» (TDA Holdings Limited) ընկերությանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև