Ամերիաբանկն առաջատարներից է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներով

14.02.2011 16:43
Ամերիաբանկն առաջատարներից է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներով

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը շարունակում է ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկից:

Ըստ աղբյուրի, բանկն այս նպատակով հաստատել է ընդհանուր գումարով շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ` համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի և օտարերկրյա առաջատար բանկերի հետ, ներառյալ Citibank, BNP Paribas, Commerzbank  և այլն:

«Վերջերս Ամերիաբանկը ամերիկյան Citibank-ից և եվրոպական խոշորագույն BNP Paribas բանկից ստացել է ընդհանուր գումարով 8 մլն ԱՄՆ դոլարի  վարկային գիծ` առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար, ինչը մեծապես կընդլայնի հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորման հնարավորությունները», - նշվում է տեղեկատվության մեջ:

Միաժամանակ օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման նպատակով Citibank-ն Ամերիաբանկին տրամադրել է 5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծ:

Ըստ մամուլի հաղորդագրության, Ամերիաբանկը 2011թ. միջազգային կառույցների և օտարերկրյա խոշորագույն բանկերի հետ համագործակցության ընդլայնման միջոցով նպատակ ունի հաճախորդներին առաջարկել ֆինանսավորման և գործարքների հաստատման առավել բարենպաստ պայմաններ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: (1 դոլարը 363,75 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև