«Գնային առաստաղ» սահմանելու մասին օրինագիծը կարող է Հայաստանում ապրանքի դեֆիցիտ առաջացնել

17.03.2011 17:27
«Գնային առաստաղ» սահմանելու մասին օրինագիծը կարող է Հայաստանում ապրանքի դեֆիցիտ առաջացնել

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Կառավարության առաջարկած «գնային առաստաղ» սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը կարող է Հայաստանում ապրանքի դեֆիցիտ առաջացնել, ասաց Հայաստանի ՀՅԴ-ից Ազգային ժողովի պատգամավոր Արա Նռանյանը:

Հայաստանի կառավարությունը մարտի 10-ին հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումների մասին օրինագիծը, որոնց համապատասխան՝ նախատեսվում է, որ մեկ ամսվա ընթացքում առաջին անհրաժեշտության 20 անուն ապրանքների գների 30 տոկոսով թանկացման դեպքում կառավարությունն իրավունք կունենա միջամտելու և 90 օրվա ընթացքում սահմանափակել գների հետագա աճը՝ իրարանցումը մեղմելու և շուկան նորմալ վիճակի վերադարձնելու նպատակով:

«Դա (ապրանքի դեֆիցիտը) անպայման տեղի կունենա, քանի որ ես չեմ հավատում, որ որևէ տնտեսվարող սուբյեկտ ապրանք կվաճառի ինքնարժեքից ցածր գնով այն դեպքում, եթե արտաքին գործոնները բարձր գներ թելադրեն»,- հինգշաբթի ասաց Նռանյանը «Թանկացում. համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով քննարկումների ընթացքում:

Նա պարզաբանեց, որ «գնային առաստաղը» կարող է սահմանվել կոնկրետ խոշոր արտադրողների կամ ներկրողների համար, «սակայն այդ մեխանիզմների կիրառումն այն պայմաններում, երբ ապրանքն արդեն արտադրվել կամ ներկրվել է երկիր տնտեսվարող սուբյեկտի կողմից, պարզապես խայտառակություն է»:

Պատգամավորի խոսքերով՝ գնի կարգավորումը կարճ ժամանակահատվածում կարող է հանգեցնել նրան, որ սպառողները կսկսեն «մաքրել» ապրանքները խանութներից, ինչը ապրանքի դեֆիցիտ կառաջացնի:

Նռանյանը նաև տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, թե ինչու է առաջարկվում գների աճի առաստաղը սահմանել 30 տոկոս մակարդակի վրա:

«Գների ամսական 20 տոկոսանոց աճը քի՞չ է: Եթե գներն ամսական աճեն 10-15 տոկոսով, ապա ի՞նչ կունենանք տարեվերջին»,- հարցնում է պատգամավորը՝ կասկած հայտնելով կառավարության կողմից այդ մեխանիզմի կիրառման վերաբերյալ:

Ապրանքների անվանացանկում, որոնց վրա օրենքի հաստատման դեպքունմ կտարածվի տվյալ սահմանափակումը, ընդգրկված են տավարի միսը, թռչնամիսը, կենդանի ձուկը, առանց շաքարի խտացրած կաթը, կարագը, պանիրը, հավկիթը, կարտոֆիլը, սոխը, գազարը, թեյը, ցորենը, բրինձը, հնդկաձավարը, ցորենի ալյուրը, արևածաղկի ձեթը, շաքարավազը, հացը և կերակրի աղը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև