Մետաղի շուկա. պղնձի և ոսկու գնանշումները շարունակում են մնալ ճնշման տակ

04.10.2011 18:13
Մետաղի շուկա. պղնձի և ոսկու գնանշումները շարունակում են մնալ ճնշման տակ

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի պարտքային ճգնաժամը նախկինի պես որոշիչ գործոն է մնում, որն ազդում է ոսկու գնանշման վրա:

Նախորդ հանգստյան օրերին Վաշինգտոնում կայացած Մեծ քսանյակի հանդիպումը որևէ շոշափելի արդյունքի չհանգեցրեց, որն ի վիճակի կլիներ ազդել Եվրոպայի պարտքային ճգնաժամի թուլացման վրա: Այս ամենի հետևանքով շաբաթը մեկնարկեց ոսկու գնանշման կտրուկ անկմամբ: Երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, թանկարժեք մետաղի արժեքն անկում ապրեց իր 11-շաբաթական նվազագույն կետերից ներքև՝ դառնալով  տրոյական մեկ ունցիայի դիմաց 1532,57 ԱՄՆ դոլար:

Այնուամենայնիվ, լավատեսություն ներշնչեցին եվրագոտուց ստացված մակրոտնտեսական տվյալները, մասնավորապես՝ Գերմանիայի գործարար շրջանակներում տրամադրվածության համաթիվը: Այսպես, IFO գերմանական հետազոտական ինստիտուտի տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը սեպտեմբերին կազմեց 107,5 կետ՝ կանխատեսված 106,5 կետի դիմաց:

Բացի այդ, երեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, Հունաստանի խորհրդարանը հավանություն տվեց օգնության ծրագրին, ինչպես նաև անշարժ գույքի նոր հարկ ներդրեց: Այս նորությունները շուկայում դրականորեն ընդունվեցին: Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, թե Գերմանիան Հունաստանին օգնություն կցուցաբերի, ինչպես նաև այն, որ Հունաստանը եվրագոտու անքակտելի մասն է, ոգեշնչեց շուկայի մասնակիցներին: Այս ամենի արդյունքում ոսկին վերականգնեց իր դիրքերը և հասավ շաբաթվա առավելագույն ցուցանիշին՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1677,19 դոլարի:

Սակայն դեռևս վաղ է վստահորեն խոսել այն մասին, թե եվրագոտու պարտքային ճգնաժամը դադարեցվել է և չի տարածվի մյուս երկրների վրա: Թանկարժեք մետաղների շուկայում տիրող փոփոխականությունը դեռևս բարձր է, ինչը ստիպեց ներդրողներին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, շահույթ արձանագրել ոսկու գնի բարձրացումից հետո: Այս ամենի հետևանքով ոսկու արժեքը նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում նվազեց 2,0 տոկոսով՝ դառնալով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1623,54 ԱՄՆ դոլար:

Մեր կարծիքով՝ ոսկու գնանշման վրա ազդող հիմնական պատճառը եվրագոտու պարտքային խնդիրների շուրջ տիրող իրավիճակն է: Եվրոպացի առաջնորդների կողմից ձեռնարկվող միջոցները դեռևս չեն կարող միանշանակ կերպով կոտրել իրավիճակն, ինչն իր հերթին ստիպում է ներդրողներին ձեռնպահ մնալ բարձր փոփոխականություն ունեցող ակտիվներ, մասնավորապես՝ ոսկի գնելուց:

Առաջիկա շաբաթ ոսկու գնանշման վրա որոշակի ազդեցություն կունենան ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական տվյալները: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ-ում սեպտեմբերին զբաղվածության տվյալների հրապարակումը: Եվրագոտու նորություններից հարկավոր է նշել տոկոսադրույքին նվիրված ԵԿԲ-ի հերթական նիստը, որը նախատեսված է հոկտեմբերի 6-ին: Նիստից հետո տեղի կունենա ԵԿԲ-ի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեի ավանդական մամուլի ասուլիսը: Ակնկալվում է, որ տոկոսադրույքը կմնա անփոփոխ, և ոսկու հերթական դինամիկան կախված կլինի Տրիշեի մեկնաբանություններից, որոնք, մեր գնահատականներով, զուսպ կլինեն: Այս դեպքում ոսկու արժեքի անկումը կարող է շարունակվել: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու համար աջակցող շեմ կարող լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1530,0 ԱՄՆ դոլարը:

Սակայն եթե Տրիշեն իր խոսքում ակնարկի տոկոսադրույքի բարձրացման մասին` ուժեղացող գնաճի ֆոնի ներքո, իսկ ԱՄՆ-ի մակրոտնտեսական վիճակագրությունը չափավոր դրական լինի, ապա համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման կապակցությամբ մտավախությունները կարող են փոքր-ինչ թուլանալ, իսկ ոսկու գինը կարող է աճել: Այս շաբաթ թանկարժեք մետաղի համար դիմադրության շեմ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1700,0 ԱՄՆ դոլարը:

Ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նախորդ շաբաթ նվազեց 6,23 տոկոսով՝ դառնալով պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,1095 ԱՄՆ դոլար:  Կարմիր մետաղի գնանշման անկման հիմնական գործոնը եվրագոտու պարտքային ճգնաժամի շուրջ անորոշությունն է, քանի որ նախորդ հանգստյան օրերին Մեծ քսանյակի հանդիպումը որևէ արդյունքի չհանգեցրեց, ինչի հետևանքով երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, պղնձի արժեքը կտրուկ անկում գրանցեց:

ԱՄՆ-ից ստացված դրական մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի վերջնական տվյալները, միայն ժամանակավորապես աջակցեցին պղնձի գնանշմանը: Իսկապես, ԱՄՆ-ում ՀՆԱ-ի աճի տեմպերը երկրորդ եռամսյակում տարեկան արտահայտությամբ վերանայվեցին՝ 1 տոկոսից հասնելով 1,3 տոկոսի:

Նախորդ շաբաթ պղնձի գնանշման վրա լրացուցիչ ճնշում գործադրեցին այս ակտիվի ավելացած բորսային պաշարները Լոնդոնի մետաղի բորսայում:

1

Այս շաբաթ պղնձի արժեքը հիմնականում կորոշվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող տնտեսական նորություններով: Եթե ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ ոչ գյուղատնտեսական հատվածում սեպտեմբերին նոր աշխատատեղերի թիվը կանխատեսվածից ավելի լինի (+50 հազար), և միևնույն ժամանակ ԵԿԲ-ի նախագահ Տրիշեի՝ տոկոսադրույքի հետագա բարձրացման հնարավորության վերաբերյալ մեկնաբանությունները չեզոք լինեն, ապա պղնձի գնանշումը կարող է վերելք ապրել:

Իսկ եթե ԱՄՆ-ից և եվրագոտուց բացասական տնտեսական տվյալներ (մասնավորապես՝ սեպտեմբերին զբաղվածության և գործարար ակտիվության համաթվի տվյալները ) ստացվեն, ապա համաշխարհային տնտեսության դանդաղման վերաբերյալ մտավախությունները կուժգնանան, իսկ կարմիր մետաղը կարող է շարունակել իր անկումն ամրապնդվող դոլարի ֆոնի ներքո: Այս շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշման տատանման ենթադրվող դիապազոնը պղնձի մեկ ֆունտի դիմաց 2,90–3,30 ԱՄՆ դոլարն է:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև