Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը ԶԵԱԲ-ից 10 մլն դոլարի վարկ կստանա ՓՄՁ-ի ֆինանսավորման համար

12.03.2012 13:43
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը ԶԵԱԲ-ից 10 մլն դոլարի վարկ կստանա ՓՄՁ-ի ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի ստորագրված պայմանագրի համաձայն՝ Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագրով:

«Եվրասիական Բանկի հետ պայմանագրի կնքումը նոր խթան կդառնա փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված բանկի հնարավորությունների ընդլայնման համար», - փաստաթղթի ստորագրման ընթացքում ասել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը: Նշելով, որ փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը բանկի առաջնային ուղղություններից է՝ նա ասել է, որ ԶԵԱԲ-ի հետ փոխհարաբերությունները կշարունակվեն:

«Մենք շարունակելու ենք շարժվել ինչպես այս վարկի ընդլայնման, այնպես էլ ԶԵԱԲ-ի ռազմավարության հետ կապված նոր ծրագրում մեր բանկի ներգրավման ուղղությամբ», - ասել է Խանդկարյանն՝ ավելացնելով, որ ԶԵԱԲ-ն՝ ի դեմս բանկի, հայկական շուկայում ձեռք է բերում հուսալի և հավակնոտ գործընկեր:

Գլխավոր տնօրենը տեղեկացրել է նաև, որ այս եռամյա ծրագրով վարկային միջոցները տրամադրվելու են տարեկան 12-13% տոկոսադրույքով գրեթե բոլոր ոլորտներում գործող ՓՄՁ սուբյեկտներին բացառությամբ ալկոհոլի ու ծխախոտի արտադրության, ինչպես նաև լեռնահումքային ոլորտի: ԶԵԱԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան իր հերթին նշել է, որ ԶԵԱԲ-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում փոքր և միջին բիզնեսի աջակցությանը՝ որպես նրա սոցիալտնտեսական զարգացման հիմք:

«Այս վարկը վկայում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի ռազմավարության և հեռանկարներում ԶԵԱԲ-ի վստահության մասին, այն ուղղված է լինելու փոքր և միջին բիզնեսին տրամադրվող բանկային ծառայությունների շրջանակի ընդլայնմանը», - ասել է նա:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռներեցությանն աջակցելու ու ֆինանսական հոսքերի սպասարկման համար: Բանկի բաժնետոմսերի 100-տոկոսանոց սեփականատերն է ռուսական «Գազպրոմբանկը»:

ԶԵԱԲ-ը ստեղծվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006թ. հունվարին:

Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: Հայաստանը համագործակցում է ԶԵԱԲ-ի հետ 2010 թ.-ի ապրիլից: Հաշվի առնելով Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի հետ ստորագրված այս պայմանագիրը՝ Հայաստանի ֆինանսական հատվածում ԶԵԱԲ-ի ներդրումները գերազանցել են 60 մլն դոլարը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև