ՎԶԵԲ-ը Հայաստանին 10,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար

23.11.2012 14:29
ՎԶԵԲ-ը Հայաստանին 10,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ֆինանսավորում է Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշենում գտնվող սահմանային գլխավոր անցակետում նոր կամրջի կառուցումը: Հայաստանին տրամադրվող 10,3 մլն եվրոյի կարկը ՎԶԵԲ-ի ներդրումն է Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի ֆինանսավորման մասով, ուրբաթ հայտնում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը:

«Սահմանային անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: 62,6 մլն եվրո արժողությամբ այդ ծրագիրը, բացի ՎԶԵԲ-ից, կֆինանսավորեն նաև Եվրոպայի ներդրումային բանկը, Եվրամիությունը, Եվրոպական հարևանության ներդրումային ծրագիրը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հյուսիսային միջանցքի նորացման ծրագիրը ներառում է գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդիականացումը, որի նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը, ինչպես նաև նախատեսում է նոր կառույցների շինարարություն սահմանային վերահսկողության երեք կետերում:

«Կատարելագործված սահմանային անցակետերը զինված կլինեն տրանսպորտային միջոցների և ուղևորների սպասարկման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով և ավելի արդյունավետ ու լրացուցիչ հզորություններ կունենան»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Բացի այդ, անցակետերը հանդես կգան որպես բազմուղի ճանապարհային անցակետեր միջազգային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար:

Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող Բագրատաշենը Հայաստանն արտաքին աշխարհի հետ Վրաստանով կապող միայն ցամաքային տրանսպորտային միջանցքն է:

«Մենք շատ ուրախ ենք, որ այդ համատեղ գործողության մի մասն ենք: Սահմանային անցակետերում պայմանների բարելավումը տնտեսական տեսանկյունից ավելի արդյունավետ տրանսպորտային միջանցք կստեղծի, ինչը կթեթևացնի տարածաշրջանային առևտուրը և ուղևորահոսքը»,- ասել է ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեստյերը (Paul-Henri Forestier):

ՎԶԵԲ-ի տրանսպորտային գծով տնօրեն Սյու Բարեթը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մտադիր է օժանդակել իր գործունեության տարածաշրջանում հուսալի և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծմանը:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք երկրի իշխանությունների և միջազգային այլ կազմակերպությունների հետ հաջող համագործակցության շարունակմանը Հայաստանի հետագա զարգացման համար»,- նշեց Բարեթը:

Հայաստանում իր գործունեության մեկնարկի պահից ՎԶԵԲ-ը ներդրել է շուրջ 579 միլիոն եվրո 110 ծրագրերի շրջանակներում, որոնցից 90 մլն եվրոն ուղղվել է ենթակառուցվածքների կատարելագործմանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև