ՀՀ ԿԲ-ն 2013թ.-ին տնտեսական աճը 5-6%-ի սահմաններում է կանխատեսում

28.11.2012 15:21
ՀՀ ԿԲ-ն 2013թ.-ին տնտեսական աճը 5-6%-ի սահմաններում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 2013թ.-ի տնտեսական աճի կանխատեսումը դեպի բարձրացում և դրա կայունացում 5-6 տոկոսի սահմաններում: Այդ մասին ասվում է «2012թ.-ի երրորդ եռամսյակի  դրամավարկային քաղաքականության կատարողականի մասին ՀՀ ԿԲ հաշվետվության» մեջ:

«Կանխատեսվող հորիզոնում բազային սցենարի շրջանակներում տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են բարձրացման կողմը, ինչը հիմնականում պայմանավորված է ձեռնարկությունների արտադրողական հնարավորությունների ավելացմամբ, ներքին տնտեսական աճի սպասելիքների պայմաններում ներդրումային գրավչության բարձրացմամբ, ինչպես նաև արտաքին պահանջարկի տևական վերականգնմամբ:  Դրա արդյունքում տնտեսական աճը կայունանում է 5-6 տոկոսի սահմաններում»,- ասվում է հաշվետվության մեջ:

Միաժամանակ, ԿԲ կանխատեսումների համաձայն` արդյունաբերության ոլորտում 2013թ.-ին 8-10 տոկոսով իրական ավելացված արժեքի աճ է ակնկալվում, ինչը կապահովվի արտահանման հզոր ներուժ ունեցող բնագավառներով, ինչպիսիք են՝ հանքարդյունաբերական, մետաղագործական, սննդի արդյունաբերությունը, ադամանդների, խմիչքների արտադրությունը, դեղագործությունը, էներգետիկան՝ արտադրողական հնարավորությունների ավելացման պայմանով:

2013թ.-ի կանխատեսումներով` շինարարության ոլորտում սպասվում է 2,5-4,5 տոկոսով իրական ավելացված արժեքի աճ՝ էներգետիկայի ոլորտում շինարարական աշխատանքների ծավալների, վերամշակող արդյունաբերության, առևտրի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի ոլորտի աճի հաշվին:

Ծառայությունների ոլորտում 2013թ.-ին սպասվում է աճի տևական միտում և կանխատեսվում է 4,5-6,5 տոկոսի սահմաններում իրական ավելացված արժեքի ավելացում: Աճը կապահովվի տրանսպորտի և կապի ոլորտի, ֆինանսական միջնորդության, ինչպես նաև տուրիզմի ոլորտի ծառայությունների հաշվին:

Գյուղատնտեսության ոլորտում 2013թ.-ին կանխատեսվում է 2-4 տոկոսի սահմաններում իրական ավելացված արժեքի աճ: Ինչպես նշվում է ԿԲ հաշվետվության մեջ, կանխատեսումների հիման վրա ընդունվել է նվազագույն ռիսկերով սցենարը, քանի որ բուսաբուծությունը կազմում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի կեսը և կախված է բնակլիմայական պայմանների մեծ աստիճանից, իսկ իրականացված ներդրումները զգալի արդյունք կցուցաբերեն միայն որոշակի ժամանակ անց:

Միաժամանակ ՀՆԱ-ի աճը, ըստ 2012թ.-ի Հայաստանի պետբյուջեի, նախատեսված է 4,2 տոկոսի չափով:  Միաժամանակ 2013թ.-ին կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը կազմում է 3,8 տոկոս: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև