ՀԲ–ն Հայաստանին 35 մլն դոլար կհատկացնի` հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար

28.03.2013 16:58
ՀԲ–ն Հայաստանին 35 մլն դոլար կհատկացնի` հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/.  Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատեց 35 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը  Հայաստանում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունից:

Վարկային միջոցները կտրամադրվեն Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից ստանդարտ պայմաններում` տարեկան 1.25 տոկոս ֆիքսված դրույքաչափով, 25 տարի մարման և 5 տարի արտոնյալ ժամկետով։

Ծրագրով ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 45 մլն դոլար, որոնցից Հայաստանի կառավարությունը կհատկացնի 8.2 մլն դոլար, ինչպես նաև հավելյալ 1.8 մլն դոլար կֆինանսավորի առողջապահության ոլորտում
Նորարարական հավատարմագրային հիմնադրամը` դրամաշնորհի տեսքով։

Հաղորդագրության համաձայն` ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության աշխատանքներին ուղղված մոր և մանկան առողջության պահպանմանը և առաջնային բուժօգնության մակարդակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ բացահայտմանը և վարմանը, ինչպես նաև Հայաստանի  առանձին հիվանդանոցների գործունեության արդյունավետության ու ծառայությունների որակի բարելավմանը:

Չնայած կազմակերպական ու կառուցվածքային փոփոխություններին` առողջապահական համակարգը շարունակում է պայքարել, որպեսզի հետ չմնա հիվանդացության ու մահացության օրինաչափությունների մասով գրանցվող համաճարակաբանական փոփոխություններից:

Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի խոսքով`  վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվող առողջապահական բարեփոխումների հիմնաքարը եղել է որակյալ բուժծառայությունների առաջարկի ամրապնդումը: Մյուս կողմից էլ տնտեսական ճգնաժամի հետևանքով առավել կարիքավոր ընտանիքների կեսը ստիպված է եղել նվազեցնել իրենց բժշկական ծախսերը։

«Այս ծրագիրը կբարելավի ծառայությունների թիրախավորումը միտված կարիքավորների ներառմանը»,– ասել է Հափին։

Վերջին վեց տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ իրականացրել է մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագիր: Այդ ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար այս նոր ծրագրի ներքո կֆինանսավորվեն մարզային հիվանդանոցների ցանցի վերազինման ու կահավորման աշխատանքները Լոռու մարզում, որը կսպասարկի մարզի 281 հազարից ավելի մարդու:

Ծրագրի շրջանակներում առաջարկվում է նաև անոթային ռենտգենապատկերման սարքեր տրամադրել Գյումրու նորաբաց հիվանդանոցին և Երևանի «Նորք Մարաշ» սրտաբանական մասնագիտացված կենտրոնին։

Համաշխարհային բանկի առողջապահության հարցերով ավագ մասնագետ և ծրագրի խմբի ղեկավար Սուսաննա Հայրապետյանի խոսքով, առողջապահության առաջնային օղակի ընդլայնման միջոցով ծրագիրը թույլ կտա կանխարգելել ոչ վարակիչ հիվանդությունների տարածումը։

«Ծրագիրը կօժանդակի բնակչության խոցելի շերտերին, քանի որ բուժզննությունները ֆինանսապես ավելի մատչելի կդառնան»,– ասաց նա։

Ծրագրի ներքո կֆինանսավորվեն Երևանում արյունաբանության կենտրոնի վերակառուցման և այդ կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք ստեղծելու հետ կապված նախագծային աշխատանքները: Օժանդակություն կցուցաբերվի նաև Հայաստանում ուռուցքաբանական կենտրոնի ստեղծմանը, որտեղ բնակչությանը համալիր ծառայություններ կտրամադրվեն ուռուցքաբանության ոլորտում։

Հայաստանին, որը Համաշխարային բանկի անդայմ է 1992 թվականից և Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամ` 1993 թվականից, տրամադրվել է մոտ 1.7 մլրդ դոլար։

Ներկա պահին Հայաստանում ՀԲ ֆինանսական միջոցներով իրականացվում է 14 ծրագիր։ Մասնավորապես դրանց թվում են` «Կենսականորեն կարևոր նշանակություն ունեցող ճանապարհների բարելավումը» (LRIP), «Համայնքային ջրամատակարարում (MWP)  և համայնքային ջրամատակարարում և ջրատար (MWWP)», «Ոռոգիչ համակարգերի վերականգնման հրատապ ծրագիր» (IREP), «Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումների հուսալիությունը» (ESRP), «Համայնքների գյուղատնտեսական պաշարների կառավարում և մրցունակություն» (CARMAC), «ՓՄՁ–ի համար ֆինանսական հասանելիության ծրագիր» (AFSME)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև