Ակադեմիկոսներն առաջարկել են Ռուսաստանում շքեղության հարկ սահմանել

10.12.2013 11:24
Ակադեմիկոսներն առաջարկել են Ռուսաստանում շքեղության հարկ սահմանել

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում առաջարկել են հարստության և շքեղության հարկ ներմուծել։ Այդ մասին ասվում է ՌԳԱ «Ռուսաստանը ժամանակակից դինամիկ և արդյունավետ տնտեսության ճանապարհին» զեկույցում, որը պատրաստվել է ակադեմիկոսներ Սերգեյ Գլազևի, Ալեքսանդր Նեկիպելովի և Վիկտոր Իվանտերի խմբագրությամբ։

«Այդ քայլը թույլ կտա կրճատել եկամուտների անհավասարությունը և ավելացնել պետական եկամուտը, որը կարող է օգտագործվել սոցիալական տրանֆերտների ավելացման համար»,– նշվում է փաստաթղթում, հաղորդում է РБК–ն։

Հեղինակները պարզաբանում են, որ հարկային այդ քայլերն արդյունավետ կլինեն միայն մի շարք պայմանների դեպքում` եթե ընդունվի սեփականաշնորհման նոր օրենսդրություն, անցկացվի տնտեսության ապաօֆշորացում, ստեղծվի գրավիչ կենսաթոշակային համակարգ։ Բացի այդ, նոր սանդղակի ներդրման պայման պետք է դառնա հայրենական առարկաների արտադրության զարգացումը։

Ակադեմիկոսներն առաջարկում են ապրուստի նվազագույնը բարձրացնել մինչև բազային սպառողական զամբյուղի իրական արժեքի մակարդակ։ Միաժամանակ, պետք է վերանայվի դրա պարունակությունը։ Անհրաժեշտ է նաև սահմանել հարաբերական աղքատության շեմ, ինչը թուլ կտա ավելի պարզ հասկանալ երկրում անհավասարության հետ կապված իրավիճակը։ Պետք է բարձրացվի նաև նվազագույն աշխատավարձը։

Զեկույցի հեղինակները կարծում են, որ հասարակությունում նկատվում է «մկրատի էֆեկտ», երբ ռուսներն ընդհանուր առմամբ բավարարված են իրենց նյութական ապահովվածությամբ, բայց զանգվածային գիտակցությունում աճում է երկրի դրության քննադատությունը։ Ակադեմիկոսների կարծիքով, դա կատարվում է այն պատճառով, որ «նյութական ապահովվածության աճը չի ուղեկցվում մարդկանց կյանքի որակի այլ կողմերի բարելավմամբ»։ Միաժամանակ, հոռետեսական տրամադրությունները լարում են նրանք, ովքեր իրենց կենսամակարդակը ցածր են համարում և սոցիալական տարբեր երաշխիքների հույս չունեն։

Իրավիճակը փոխելու համար գիտնականներն առաջարկում են հաղթահարել ժողովրդագրական ճգնաժամը, այդ թվում` ձևավորել հասարակական կարծիքը հօգուտ առողջ կենսակերպի, սահմանափակել ոգելից խմիչքների վաճառքը և ներդնել գների պետկառավարման մեխանիզմներ էկոնոմկարգի բնակարաններում։ Նրանք առաջարկում են շինարարության համաֆինանսավորման պետական ծրագիր ներդնել։ Ակադեմիկոսներն առաջարկում են ժողովրդագրական քաղաքականության վրա ծախսել ՀՆԱ–ի ոչ պակաս 5 տոկոսը։

Զեկույցը պատրաստվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով։ 2012 թվականի վերջին նա համապատասխան հանձնարարական էր տվել ՌԳԱ նախագահ Յուրի Օսիպովին։ Ակադեմիկոսները պետք է մի շարք քայլեր մշակեին Ռուսաստանի կայուն զարգացման ապահովման ուղղությամբ։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև