Զարգացող շուկաները դեռ երկար ժամանակ կլինեն համաշխարհային տնտեսության լոկոմոտիվը. HSBC

26.12.2013 14:33
Զարգացող շուկաները դեռ երկար ժամանակ կլինեն համաշխարհային տնտեսության լոկոմոտիվը. HSBC

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացող տնտեսություն ունեցող երկրները ողջ աշխարհում չափազանց բարդ տարի ունեցան, սակայն HSBC Holdings Plc–ն չի համարում, որ ժամանակավոր դժվարությունների պատճառով պետք է հրաժարվել այդ երկրներում ակտիվներ ներդնելուց։ Emerging markets–ը դեռ երկար ժամանակ կմնան համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը, «Ինտերֆաքսին» ասել էHSBC–ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Աֆրիկայի (Սահարայից դեպի հարավ) տարածաշրջանների գլխավոր տնտեսագետ Մուրատ Ուլգենը, գրում է finmarket.ru–ն։

«Զարգացող տնտեսություն ունեցող երկրները նախկինի պես ունեն ներուժ, հզորություն, ժողովրդագրական գործոններ, պարտքերի ցածր մակարդակ, թերի յուրացված սպառողական շուկաներ և այլ որակներ, որոնց հաշվին նրանք համաշխարհային աճի շարժիչ ուժն են», – ընդգծել է Ուլգենը։

«Զարգացող երկրների համար դժարին տարի էր, և դժվարությունները դեռ պահպանվում են», – նշել է փորձագետը։ «Դրանք հիմնականում կապված են զարգացող շուկաներում առկա կառուցվածքային խնդիրների հետ, որոնք վերջին տարիներին կորցրել են մրցունակությունը, ինչը բացատրվում է Արևմուտքից եկող էժան լիքվիդայնության ներհոսքով, որն արտահայտվում է քանակական մեղմացմամբ»։

Այդ երկրներում աշխատավարձերի բարձրացումը գերազանցում էր աշխատանքի արտադրողականության աճին, իսկ մի շարք դեպքերում արտադրողականության աճը հավասար էր զրոյի։ Այս ամենի հետևանքով emerging markets–ի աշխատուժի արժեքն աճեց։ Ուլգենի խոսքերով, այդ երկրներից որոշները վերջին տարիներին բախվեցին ազգային արժույթի փոխարժեքի բարձրացման հետ այն դեպքում, երբ մյուսները, օրինակ` Բրազիլիան, Հնդկաստանը, Թուրքիան, բախվեցին գնաճի լուրջ խնդրի հետ։

HSBC–ի դեկտեմբերյան կանխատեսման համաձայն` զարգացող երկրների ՀՆԱ–ն 2013 թ.–ին կաճի 4,5 տոկոսով, հաջորդ տարի աճը կարագանա` հասնելով 4,9 տոկոսի, 2015 թ.–ին` մինչև 5,2 տոկոսի։ Աճի ուժեղացմանը համընթաց կաճեն նաև գնաճի տեմպերը` այս տարվա 5,5 տոկոսից 2014 թ.–ին հասնելով 5,7 տոկոսի և 2015 թ.–ին 6,1 տոկոսի։

Հսկայական նշանակություն կունենա նաև այն, թե ինչպես զարգացող երկրները կպայքարեն էժան փողերի «սնուցման» դադարեցման դեմ ԱՄՆ–ում խթանող ծրագրի դադարեցման ֆոնին։

«Զարգացող երկրները պետք է հաղթահարեն այդ դժվարին էջը, հարմարվեն նոր պայմաններին և ազատվեն մակրոտնտեսական անհավասարակշռությունից», – կարծում է HSBC–ի փորձագետը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև