Հայ ժողովուրդը հիշում է 1915 թվականի Ցեղասպանության զոհերին

24.04.2014 12:52
Հայ ժողովուրդը հիշում է 1915 թվականի Ցեղասպանության զոհերին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ապրիլի 24-ին հիշում է Օսմանյան կայսրության օրոք իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին: Ամեն տարի այդ օրը հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ծիծեռնակաբերդի Հավերժական կրակի մոտ:

Ավանդաբար հուշահամալիր են այցելում ՀՀ նախագահը, կառավարության անդամներ, պատգամավորներ, հոգևորականներ, հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, սփյուռքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր՝ քաղաքական գործիչներ, մշակույթի գործիչներ ու մտավորականներ տարբեր երկրներից:

Զանգվածային հավաքներ, հատկապես Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի մոտ, կանցկացվեն բոլոր այն երկրներում, որտեղ հայեր են բնակվում:

Ապրիլի 23–ի երեկոյան Երևանում ավանդաբար տեղի ունեցավ երիտասարդության ջահերով երթը, որն ուղեկցվեց թուրքական դրոշն այրելով։

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1915-1923 թթ-ի հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրված կերպով իրագործվել է երիտթուրքերի կառավարության կողմից։

1915թ. ապրիլի 24-ին սկսած ձերբակալությամբ (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացմամբ, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը:

Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 300.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով, տեղահանությամբ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից, մյուսները մահացան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի մահմեդականացվեցին:

20-րդ դարի սկզբին Թուրքիայում բնակվող 2 մլն հայից զանգվածային ջարդերի ու տեղահանման արդյունքում զոհվեց շուրջ 1,5 մլն մարդ, մյուսները ցրվեցին աշխարհով մեկ։

Սակայն հայերի բնաջնջման պատմությունը չի սահմանափակվում միայն Ցեղասպանության ժամանակահատվածով։ 1877–1878թթ.–ի ռուս–թուրքական պատերազմից հետո Օսմանյան կայսրության լծից ազատվեցին բալկանյան երկրների քրիստոնյա ժողովուրդները։ 1912թ.–ին Օսմանյան կայսրությունը զրկվեց Եվրոպայում գրեթե ամբողջ ունեցվածքից, բացի Ստամբուլից և դրա հարակից տարածքներից։ Արդյունքում` կայսերական լծի տակ մնացած թվով ամենաշատ քրիստոնյա ժողովուրդը Արևմտյան Հայաստանի հայերն էին։

Տարածքի ասիական մասում իրենց իշխանությունը պահպանելու նպատակով Օսմանյան կայսրության կառավարությունը խնդիր դրեց արևմտահայերի բռնի ձուլման կամ ոչնչացման, ովքեր խոչընդոտում էին պանթուրքական պետության ստեղծմանը։

Իրենց պատմական հայրենիքում հայերի բնաջնջման սիստեմատիկ քաղաքականությունը սկսվեց XIX դարի 90–ական թվականներից և իր գագաթնակետին հասավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Ցեղասպանության անմիջական կազմակերպիչը «Միասնություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցությունն էր, որին սատարում էր Կայսերական Գերմանիայի կառավարությունը` Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության համախոհը։ Հանցագործության կազմակերպչին հաջողվեց զերծ մնալ պատժից, սակայն երիտթուրքերի ղեկավարներն աշխարհի տարբեր ծայրերում գտնվեցին և ոչնչացվեցին հայ հայրենասերների կողմից։

Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին աջակցեցին համաշխարհային մտավորականության լավագույն ներկայացուցիչները` Անատոլ Ֆրանսը, Ֆրանց Վերֆելը, Վալերի Բրյուսովը, Մաքսիմ Գորկին, Ֆրիտյոֆ Նանսենը և շատ ուրիշներ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ

Հայերի ոչնչացման առաջին միջազգային արձագանքն արտահայտվել է 1915 թվականի մայիսին` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունում, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարած բարբարոսությունները որակվել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ»։ Գերտերությունները նախազգուշացրեցին այդ հանցագործության համար պատասխանատվության մասին։ 1916,1919, 1920 թվականներին հայերի դրությանը վերաբերող որոշումներն ընդունվում էին ամերիկյան Սենատի կողմից։

1915 թվականի սարսափելի ողբերգությունը ճանաչող և դատապարտող առաջին հատուկ դեկրետն ընդունեց Ուրուգվայի խորհրդարանը (20 ապրիլի 1965 թվական)։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքներ, որոշումներ և դեկրետներ հետագայում ընդունվել են Եվրախորհրդարանի, Ռուսաստանի Պետական դումայի, այլ երկրների, այդ թվում` Կիպրոսի, Արգենտինայի, Կանադայի, Հունաստանի, Լիբանանի, Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Սլովակիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Գերմանիայի, Վենեսուելայի, Լիտվայի, Չիլիի խորհրդարանները, ինչպես նաև Վատիկանը։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ամերիկյան ավելի քան քառասուն նահանգներ, բրազիլական Սան Պաուլու, Սեարա, Պարանա նահանգները, ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգը, Կատալոնիան, Բասկերի Երկիրը, Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան, Ուելսը, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, կանադական Բրիտանական Կոլումբիա, Քվեբեկ, Օնտարիո գավառները, Ժնև և Վաուդ շվեյցարական կանտոնները, Բուենոս Այրես և Կորդոբա արգենտինյան գավառները, մոտ 40 իտալական կոմունա, տասնյակ միջազգային կազմակերպություններ, այդ թվում այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսին են Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը, Ցեղասպանագետների ասոցիացիան, Մարդու իրավունքների լիգան, Էլի Վիզելի մարդասիրական հիմնադրամը, Ամերիկայի հրեական համայնքների միությունը։

Այնուամենայնիվ Օսմանյան կայսրության իրավահաջորդը` ժամանակակից Թուրքիան, չափազանց սուր է արձագանքում այդ հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին և օգտագործում է դիվանագիտական ճնշման մեթոդները տարբեր երկրների և խորհրդարանների նկատմամբ։

Նման ճնշումների օբյեկտ է նաև ԱՄՆ–ն, որը դեռևս պետական մակարդակով չի ընդունել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը` վախենալով այդ քայլի պատճառով փչացնել հարաբերություններն իր ռազմավարական դաշնակից Անկարայի հետ։

Ամեն տարի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահները հայ ժողովրդին ուղղված հատուկ ուղերձ են պատրաստում և ավանդաբար խուսափում 20-րդ դարասկզբի ողբերգական դեպքերը «ցեղասպանություն» անվանելուց: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ի հակառակ խոստումների, որոնք նա տվել էր մինչև Սպիտակ տուն գալը, ևս չի արտասանել «ցեղասպանություն» բառը հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում` օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը, որն, ըստ էության, նշանակում է «ցեղասպանություն»։

Ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունման փորձեր են արվում նաև ԱՄՆ Կոնգրեսում։ Այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է Միացյալ Նահանգների օրենսդրական մարմնում գործող «Հայաստանի բարեկամների խումբը», ինչպես նաև հեղինակավոր հայ լոբբիստական կազմակերպությունները։

Մասնավորապես, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ապրիլի 10–ին Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձև է ընդունել։ Ցեղասպանությունը դատապարտելու կոչ պարունակող փաստաթղթին «կողմ» է քվեարկել 20 սենատոր, «դեմ»` հինգ սենատոր։ Բանաձևը հորդորում է ԱՄՆ նախագահին ապահովել արտաքին քաղաքականության իրականացում, որը կարտացոլեր փաստաթղթերով հիմնավորված փաստերը, որոնք վերաբերում են անպատիժ ցեղասպանությանը։ Սակայն այդ ջանքերը բախվում են թուրքական իշխանությունների կոշտ դիմակայությանը։

ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցի նախօրեին անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Չորեքշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ նա առաջին անգամ ցավակցություն  է հայտնել ХХ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհված հայերի թոռներին։

«Հույս ու հավատ ունենալով առ այն, որ միանման սովորույթներ և ավանդույթներ ունեցող, միևնույն բարդ, բայց բացառիկ աշխարհագրությունն ունեցող հնագույն ժողովուրդները կկարողանան միասին և պատշաճ կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները` մենք ցանկանում ենք, որ ХХ դարասկզբին զոհված հայերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց թոռներին ուղղում ենք մեր ցավակցությունները», – ասել է Էրդողանը։ Նա հիշեցրել է, որ ապրիլի 24–ը հայերի համար հատուկ օր է։ «Օրը, որը հատուկ նշանակություն ունի մեր երկրի հայ քաղաքացիների և աշխարհի հայության համար, հատուկ արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների մասին մտքերի ազատ փոխանակման համար։

Չի կարելի ժխտել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները դրա թուրք, քուրդ, արաբ, հայ և միլիոնավոր այլ քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական և էթնիկ պատկանելությունից, բարդ ժամանակաշրջան էր` լի դառն իրադարձություններով»,– ընդգծել է Էրդողանը։

Արձագանքն այդ հայտարարությանը չուշացավ։ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի   (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը Էրդողանի խոսքերը որակեց որպես Ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու փորձ։ «Այս ցինիկ և սառնասիրտ հնարքը վկայում է այն մասին, որ Թուրքիան այսօր շարունակում է ժխտել իրականությունը` խոչընդոտներ ստեղծելով Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին», – ընդգծել է նա։

Թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարությունն ապրիլի 24–ի նախաշեմին ուղղված է ոչ թե հայերին, այլ համաշխարհային ԶԼՄ–ներին։ «Հայտարարության նպատակն ուշադրությունը շեղելն էր, ստուգել, թե ինչ արձագանք կգտնի այդ ուղերձը», – հայտարարել է Շաքարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։ Նրա կարծիքով` Էրդողանի նպատակը հին գաղափարները նոր ձևով համեմելն է` հայտարարելով, թե իրենց  արխիվները բաց են, և իրենք առաջարկում են ստեղծել պատմաբանների ընդհանուր հանձնաժողով։ Փորձագետը համոզված է, որ այդ հայտարարությունն էական ազդեցություն չի ունենա թուրք հասարակության կամ Էրդողանի վարկանիշի վրա, քանի որ թուրք վարչապետն իրականում նշանակալի ոչինչ չի ասել։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև