Ռուս միլիոնատերերը կես տրիլիոն դոլար արտերկիր են հանել

24.06.2014 14:11
Ռուս միլիոնատերերը կես տրիլիոն դոլար արտերկիր են հանել

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/.  2013թ.-ին Ռուսաստանում հայտնվել է 33 000 նոր միլիոնատեր, այժմ 213 283 ընտանիք 1 մլն դոլարից ավել կապիտալ ունի: Boston Consulting Group-ը նման տվյալներ է ներկայացրել «Համաշխարհային բարեկեցությունը 2014 թ.-ին» զեկույցում:

Ուսումնասիրության տվյալներով՝ նախորդ տարին ռուս միլիոնատերերի համար հաջող է եղել, մասնավոր ռուսական կապիտալը 2013թ.-ին աճել է 22 տոկոսով՝ հասնելով 1,9 տրիլիոն դոլարի: Մասնավոր անձանց ֆինանսական կապիտալն աշխարհում այդքան էլ արագ չէր աճում, այն աճել է միջինը 15 տոկոսով՝ հասել է 152 տրիլիոն դոլարի, գրում է forbes.ru-ն:

BCG-ին գնահատում է մասնավոր անձանց բարեկեցությունը 63 երկրում, որոնց ներքին համախառն ապրանքը կազմում է համաշխարհայինի 95 տոկոսը: Մեթոդը ներառում է տնտեսության և խնայողությունների աճի պաշտոնական վիճակագրությունը, ներդրումային, ապահովագրական և կենսաթոշակային հիմնադրամների տվյալները, ինչպես նաև` բարեկեցության կառավարման շուկայի գնահատականները: Զեկույցից կարելի է հետաքրքիր եզրահանգումներ անել այն մասին, թե ինչպես են Ռուսաստանի կապիտալիստները վաստակում իրենց միլիոնները և ուր են գնում գումարները:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Ռուսաստանում մասնավոր կապիտալի աճի աղբյուրներն ակնհայտ չեն: Ռոսստատի տվյալներով՝ 2013 թ.-ին բնակչության իրական եկամուտներն աճել են ընդամենը 3 տոկոսով, իսկ 2014 թ.-ի ապրիլին տարեկան արտահայտմամբ այդ եկամուտներն անգամ նվազել են: Ինչպե՞ս է տնտեսության աճի դանդաղման և ֆոնդային ցուցիչների անկման ֆոնին Ռուսաստանում մասնավոր կապիտալն աճել ավելի քան 20 տոկոսով:

Փորձագետները նշում են, որ Ռուսաստանում ստվերային տնտեսության մասնաբաժինն ավանդաբար բարձր է, իսկ արտերկիր միջոցների դուրսբերման ծավալները մեծ են: Այդ պատճառով նրանք խորհուրդ են տալիս հաշվել եկամուտների մասին տվյալները ծախսերի, ներդրումների և խնայողությունների հաշվարկի միջոցով: Օրինակ, ներդրումների շուկան նախորդ տարի աճել է 19 տոկոսով, իսկ դա համադրելի է BCG-ի բարեկեցության աճի տվյալների հետ:

BCG-ի տվյալներով՝ Ռուսաստանում ՀՆԱ-ի աճը (+6,7%) և դեպոզիտների տոկոսները (+10%) ապահովել են նոր կապիտալի աճը: Բացի այդ, կապիտալն աճել է բաժնետոմսերի (+15%) և պարտատոմսերի  (+4%) վերագնահատման շնորհիվ: Բաժնետոմսերի վերագնահատումը ներառում է ձեռնարկությունների՝ սեփականությանը վերաբերող չսակարկվող փաստաթղթերը, որոնք բարդ է արագ իրացնել:-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև