ԵՏՄ-ում 2025 թ.-ին միասնական արժույթի անցնելը միանգամայն իրատեսական է. ԶԵԱԲ-ի նախագահ

23.09.2014 15:57
ԵՏՄ-ում 2025 թ.-ին միասնական արժույթի անցնելը միանգամայն իրատեսական է. ԶԵԱԲ-ի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը լիովին իրատեսական է համարում 2025 թ.-ին Եվրասիական միության միասնական արժույթի անցնելը: «Միասնական արժույթը շատ նուրբ բանաձև է, որը նախատեսում է մի քանի բաղադրիչներ. արժույթը պետք է լինի կայուն, ֆինանսական շուկան՝ զարգացած, պետք է գործի թողարկման միասնական կենտրոն և համաձայնեցված ազգային ֆինանսական քաղաքականություն:

Դեռևս դրան որևէ խոչընդոտող բան չկա: Քաղաքական կամք կամ հնարավորություններ ևս առկա են: 2025 թ.-ին Եվրասիական միության միասնական արժույթի անցնելու ծրագրեր կան: Կարծում եմ, որ դա լիովին իրատեսական է», - հայտարարել է նա «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

Ֆինոգենովը նշել է, որ դրա համար հարկավոր է ստեղծել միասնական մեգակարգավորիչ, որը խաղի միանման կանոններ կթելադրի ողջ եվրասիական տարածքում արբիտրաժի համար պայմաններ չստեղծելու համար:

Նրա խոսքերով՝ Եվրասիայի տարածքում տարբեր արժույթներ են գործել՝ ալտին, դուկան, տենգե, ռուբլի, և կարելի է ընտրել ցանկացածը: Ֆինոգենովը չի բացառում նաև այն, որ հետագայում ռուբլուն կփոխարինի այլ անունով արտարժույթը: «Կողմերից յուրաքանչյուրը կարող է իր կարծիքը հայտնել ցանկացած անվան օգտին: Կարևոր է ստեղծել պայմաններ, որոնց դեպքում այդ արտարժույթը հուսալի կլինի», - ընդգծել է նա:

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև