ԵՏՄ–ի շրջանակում միասնական արժույթի ներդրումը թույլ կտա նվազեցնել հայկական տնտեսության դոլարացումը. սոցիոլոգ

08.12.2014 17:18
ԵՏՄ–ի շրջանակում միասնական արժույթի ներդրումը թույլ կտա նվազեցնել հայկական տնտեսության դոլարացումը. սոցիոլոգ

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ի շրջանակում միասնական արժույթի ներդրումը թույլ կտա նվազեցնել հայկական տնտեսության դոլարացումը, երկուշաբթի լրագրողներին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

«Եթե ռուբլին դառնա միասնական արժույթ ԵՏՄ–ի շրջանակում, դա թույլ կտա Միության բոլոր երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, խույս տալ դոլարային ասեղից», – ասաց Ադիբեկյանը։

Նրա խոսքերով` դա, սակայն, կհանգեցնի նաև որոշ տնտեսական հետևանքների, մասնավորապես` Հայաստանը ստիպված կլինի հաշվի առնել ռուսական արժույթի հետ կապված բոլոր փոփոխությունները։

Նա նաև նշեց, որ եթե վերջերս ռուբլին արժեզրկվել է 50 տոկոսով, ապա հայկական դրամն` ընդամենը 10–12 տոկոսով` կարողանալով պահպանել ավելի կայուն դիրքեր։

Միաժամանակ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նշեց, որ ԵՏՄ–ի տարածքում միասնական արժույթի ներդրումը կհանգեցնի նրան, որ մեկ գլխավոր կառույցը, որը ենթադրաբար կգտնվի Ռուսաստանում, առավելություն կունենա մնացած բոլորի նկատմամբ։

«Ազգային կենտրոնական բանկերն արդեն չեն կարողանա ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն վարել և կթուլանան, քանի որ եթե հիմա նրանք ի վիճակի են զսպել արտարժույթի տատանումն ու դրա համար համապատասխան գործիքներ ունեն, ապա միասնական արժույթի դեպքում նրանք կզրկվեն նման հնարավորությունից», – ասաց Խաչատրյանը։

Դեկտեմբերի 5–ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան Երևանում ասել էր, որ ԵՏՄ–ի տարածքում միասնական արժույթի ներդրման հարցի քննարկման պայմաններ դեռ չկան։

ԿԲ տվյալներով` Հայաստանում դեպոզիտների դոլարացումը (ռեզիդենտների արտարժութային դեպոզիտների մասնաբաժինը ռեզիդենտների դեպոզիտների համախառն ծավալում) 2014 թ.–ի հոկտեմբերին կազմել է 58,6 տոկոս։ Միաժամանակ Հայաստանում վարկերի դոլարացման մակարդակը 2014 թ.–ի հոկտեմբերին կազմել է 62,3 տոկոս։

ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ի նիստի ժամանակ վավերացրել է ԵՏՄ–ին երկրի անդամակցության պայմանագիրը։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։ ($1 – 447,86 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև