Հայաստանի ֆոնդային բորսայում արտարժույթով առուվաճառքի բացակայությունը պայմանավորված է բարձր անորոշությամբ. Փորձագետ

04.12.2014 21:10
Հայաստանի ֆոնդային բորսայում արտարժույթով առուվաճառքի բացակայությունը պայմանավորված է բարձր անորոշությամբ. Փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի ֆոնդային բորսայում արտարժույթով առուվաճառքի բացակայությունը պայմանավորված է բարձր անորոշության վիճակով, որը Ռուսաստանի արժութային շուկայում ստեղծված իրավիճակի արտացոլանքն է, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսության մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։

Միաժամանակ, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում երրորդ օրն անընդմեջ դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։ Դոլարի դեկտեմբերի 4–ի պահանջարկի գինը կազմել է մեկ դոլարի դիմաց 447 դրամ։

Տարեսկզբից ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլին էժանացել է ավելի քան 30 տոկոսով և շարունակել է անկումը` հաղթահարելով պատմական նվազագույնը։ Այսօր այն գերազանցում է դոլարի դիմաց 52 ռուբլին և եվրոյի դիմաց 65 ռուբլին։ Ռուբլու արժեզրկումը 2014 թվականին միջազգային շուկաներում պայմանավորված էր բազմաթիվ գործոններով, այդ թվում` Ուկրաինայի քաղաքական ճգնաժամով, հակառուսական պատժամիջոցներով, նավթի գների նվազմամբ։

Պատասխանելով գործակալության հարցին` Թավադյանը չբացառեց ֆոնդային շուկայում սահմանափակումների հնարավորությունները, որոնք խոչընդոտում էին պահանջարկի բավարարմանը։

«Հնարավոր է նաև այսպիսի իրավիճակ... Ֆորս–մաժորային իրավիճակներում ծրագրվում են ցանկացած մեթոդներ։ Քանի որ մեզ մոտ գնաճն ավելի բարձր է, քան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ–ում, ավելի ռացիոնալ կլիներ, եթե դրամի փոխարժեքը նվազեր, ինչպես ժամանակին ասում էր մեր նախագահը»,– ասաց Թավադյանը, ավելացնելով, որ այդպիսի որոշումները (սահմանափակումները` ԱՌԿԱ) ֆորս մաժորի պայմաններում  արդարացված չեն ։

Մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ որոշ բանկեր սահմանափակել են դոլարների վաճառքը` փորձագետը բացատրեց դա վարչական որոշումներով, որոնք կիրառվում են անորոշ իրավիճակում և ուղղված են սպեկուլյատիվ օպերացիաների կարգավորմանը։

Միաժամանակ խոսելով գրավատների ռեպո տոկոսադրույքները 10.25 տոկոսից 21 տոկոսի հասցնելու ԿԲ–ի գործողությունների մասին` Թավադյանը նշեց, որ դա հերթական անգամ ցույց է տալիս, որ որոշումները միշտ չէ, որ ճիշտ են գնահատվում։

«Նորմալ պայմաններում գրավատների տոկոսադրույքը և վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելի ցածր է, քան գնաճի մակարդակը։ Բանն այն է, որ ՀՆԱ–ի նկատմամբ ներկրման հարաբերակցությունը կազմում է 45 տոկոս, և ակնհայտ է, մեծ դեր են խաղում ոչ թե տոկոսադրույքները, այլ արժութային շուկայի իրավիճակը»,– ասաց նա։

Թավադյանը միաժամանակ նշեց, որ երբ դրամի փոխարժեքը փոփոխվում է, ապա Հայաստանում ներկրվող ապրանքների գները կտրուկ բարձրանում են, և որևէ տոկոսադրույքով դա չի կարգավորվում։ «Պետք է ավելի ռացիոնալ գործել արժութային շուկայում»,– ասաց փորձագետը։

Բացի դրանից, ըստ նրա, լոմբարդային ռեպո տոկոսադրույքի բարձրացումը չի կարող որևէ կերպ բանկերի լիկվիդայնության ռիսկի բարձրացում առաջացնել։

«Բարձրացնելով տոկոսադրույքները` միշտ պետք է հաշվի առնել, որ մեր երկրում շատ ցածր է դրամայնացման մակարդակը` մոտ 36 տոկոս, մինչդեռ Ռուսաստանում այն կազմում է ավելի քան 45 տոկոս։ Նման իրավիճակում տոկոսադրույքի բարձրացումն անընդունելի է»,– ասաց նա։

Դեկտեմբերի 2–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել էր 7.07 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 442.33 դրամ։ Կենտրոնական բանկը կոչ է արել զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և գրավատների ռեպո–տոկոսադրույքը բարձրացրել է 10.25 տ.կ.–ով մինչև 21 տոկոս։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև