Հայաստանը և ՀԲ–ն էներգետիկ և սոցիալական ոլորտների 82 մլն դոլարի երկու վարկային համաձայնագիր են ստորագրել

08.04.2015 20:33
Հայաստանը և ՀԲ–ն էներգետիկ և սոցիալական ոլորտների 82 մլն դոլարի երկու վարկային համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնoրեն Լորա Բեյլին ստորագրել են վարկային համաձայնագրեր: «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ETNIP) շրջանակում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ, հաղորդում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Ծրագիրն իրականացվելու է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից, որն ուղղված է «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ» ենթակայանների հիմնանորոգմանը՝ ի նպաստ էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդմանը:

ՎԶՄԲ-ի կողմից վարկային միջոցները տրամադրվելու են արտոնյալ պայմաններով. վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին՝ արտոնյալ:

Բացի այդ, Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում ՎԶՄԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար վարկ:

Ծրագիրը, որի նպատակն է բարելավել համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքի որակն և հասանելիությունը, բաղկացած է 3 մասից: Այն ուղղված է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ու կարողությունների ստեղծմանն օժանդակելուն, ինչպես օրինակ՝ կրթական, առողջապահական և սոցիալական ծառայություններ ապահովող հիմնական սոցիալական ենթակառուցվածքների կառուցում, վերանորոգում, հիմնանորոգում, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղադրում և այլն:

Ծրագիրը կնպաստի նաև ինստիտուցիոնալ հզորացմանը և տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին:

Վարկի մարման ժամկետը  25 տարի է, որից 14.5 տարին` արտոնյալ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև