Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման ծրագիր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ

22.05.2015 19:45
Օրգանական  գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման ծրագիր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ սկսել են «Օրգանական  գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ծրագրի մեկնարկը ազդարարվել է մայիսի 22-ին կայացած համաժողովի ընթացքում, որին մասնակցել են օրգանիկ գյուղատնտեսական արտադրանք թողարկող տնտեսվարողներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք:

Ծրագրին մասնակցում էին մոտ 150 տնտեսվարողներ Հայաստանի բոլոր շրջաններից, ովքեր զբաղվում են  օրգանական սննդի արտադրմամբ: Մասնակիցները մեծամասամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդներն են:

Ծրագրիրն ուղղված է օրգանական արտադրանքի շուկայի ներկա իրավիճակի վերլուծությանը և բոլոր այն կազմակերպությունների և այն անհատների համար է, ովքեր հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:

Միջոցառումը կրում է նաև տեղեկատվական բնույթ: Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան Գերմանիայից հրավիրված փորձագետներ, ինչպես նաև Գերմանիայի բնության պահպանության միության ներկայացուցիչներ:

Գերմանիայից ժամանած առաջատար մասնագետները մասնակիցներին ներկայացրեցին այս ոլորտում միջազգային փորձը, եվրոպական շուկայի ստանդարտները և այն հնարավորությունները որոնք կարող են բացվել հավաստագրված առանց արհեստական հավելումների օրգանական սնունդ արտադրող ընկերությունների համար:

Ելույթ  է ունեցել  նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հիմնադրման առաջին իսկ օրվանից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միշտ եղել է հայ ֆերմերի, ագարակատիրոջ, գյուղմթերք արտադրող և հողը մշակող մարդու կողքին: «Գործունեության ամբողջ ընթացքում մեր առաքելությունը մշտապես համարել և համարում ենք  աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողին»,- շեշտել է նա:

Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ բանկի գլխավոր գործադիր տնօրենը նշել է. «Երկրի տնտեսության ողնաշարը կազմող և կենսական նշանակություն ունեցող այս ճյուղի ֆինանսավորումը և խորհրդատվությունը մեր առանցքային նպատակն է եղել մեր Բանկի` հիմնադրման օրվանից: Արդեն շուրջ 20 տարի է, սկզբից որպես  Հայգյուղփոխբանկ և 2006-ից որպես  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ,  մենք միշտ սատարել և սատարում ենք գյուղացուն` որպես վստահելի գործընկեր և հավատարիմ բարեկամ»:

Ծրագրի իրագործման հնարավորությունները Հակոբ Անդրեասյանը բարձր է գնահատում. «Այսօրվա միջոցառումը նոր լիցք և որակ է հաղորդելու այդ հարաբերություններին: Մենք, մեր մեկ այլ գործընկերոջ հետ, որոշել ենք դյուրացնել օրգանական, Էկոլոգիապես մաքուր մթերք արտադրողների մուտքը Եվրոպական շուկա: Արտերկրից ժամանած մասնագետները ձեզ կներկայացնեն օրգանական մթերքի ոլորտում միջազգային փորձը, եվրոպական շուկայի պահանջները և այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել հավաստագրված արտադրողի համար:  Վստահեցնում եմ ձեզ, Հայաստանը, իր բնակլիմայական պայմաններով, գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններով ի վիճակի է արտադրել բարձր որակի օրգանական մթերք: Ամբողջ խնդիրը` իմանալ ինչպես: Հենց այդ նպատակով մենք նախաձեռնել ենք նաև սեմինարներ և խորհրդատվություն»,- ամփոփել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենը:

Ծրագիրը, սակայն, այսքանով չի ավարտվում: Համաժողովին հաջորդելու են թրեյնինգների և սեմինարների շարք:

Ծրագրի տեղեկատվական մասի ավարտից հետո կանցկացվի հավաստագրման դիմած մասնակիցների արտադրանքի փորձագիտական գնահատում և մրցույթ:

Մրցույթում հաղթած միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան «օրգանիկ» սնունդ արտադրող կազմակերպությունները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) ֆինանսավորմամբ կանցնեն անվճար սերտիֆիկացում:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։ Բանկի ակտիվները 2014 թ.–ի  դրությամբ կազմել են  286,4 մլրդ դրամ, պարտավորություններ` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37  մլրդ դրամ։ -0-


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև