Իտալիան կարծում է, որ Bank of China–ն փողերի լվացմամբ է զբաղվում

22.06.2015 11:25
Իտալիան կարծում է, որ Bank of China–ն փողերի լվացմամբ է զբաղվում

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. Իտալիայի դատախազությունը մտադիր է փողերի լվացման մեղադրանք ներկայացնել Միլանում Bank of China–ի մասնաճյուղին, ինչպես նաև բանկի հետ կապ ունեցող 297 ֆիզիկական անձանց, հաղորդում է Vestifinance.ru–ն` հղում անելով BBC–ին։

Մեղադրյալների թվում են Միլանի Bank of China–ի մասնաճյուղի չորս թոփ–մենեջերներ, մյուսները Իտալիայում բնակվող չինացիներ են։

Ֆլորենցիայի դատախազության տվյալներով` Իտալիայում գրանցված հաշվեհամարներից Չինաստան է փոխանցվել 4,5 մլրդ եվրո։ Նրանց խոսքով` այդ միջոցները ձեռք են բերվել մարմնավաճառության, կեղծ թղթադրամների պատրաստման, հարկեր չվճարելու և աշխատանքային շահագործման հաշվին։

Ինչպես նշում են իտալացի քննիչները, նշված գումարի գրեթե կեսը փոխանցվել է 2007–2010թթ.–ին Միլանի մասնաճյուղի միջոցով։ Նշվում է, որ  Bank of China–ն այս փոխանցումների միջոցով  միջնորդավճարի տեսքով վաստակել է 758 հազար եվրո։

Ինչպես գրում է ANSA–ն, խոսքը միլիոնավոր գործարքների մասին է, որոնց գումարը փոխանցման պահին չի գերազանցել 2 հազար եվրոն։ Ավելի մեծ գումարի գործարքները պահանջում են եկամուտների աղբյուրների ստուգում փողերի լվացմանը հակազդելու նպատակով։ Դրանից հետո այդ նշաձողը իջեցվել է մինչև հազար դոլար։

Հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացումն ամրապնդել է չինական մաֆիայի տնտեսական հնարավորությունները, որը զբաղվում է Չինաստանից անօրինական արտագաղթով, գրում է ANSA–ն։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև