12.01.2016 17:22
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2015 թ.–ի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 9,5%–ով` հասնելով 34,8 մլրդ դրամի։ Այս մասին են վկայում ՀՀ ԱՎԾ–ի տվյալները։
ԱՎԾ–ի տվյալներով` ժամկետանց վարկերում 6,1 տոկոսով ավելացել են կարճաժամկետ վարկերը` հասնելով 24,64 մլրդ դրամի, իսկ երկարաժամկետներն ավելացել են 18,8 տոկոսով` հասնելով 10,2 մլրդ դրամի։
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 9,3 տոկոսով ավելացել են նաև բանկերի երկար վարկերը` կազմելով 126,1 մլրդ դրամ։
Վարկային ներդրումները նոյեմբերին ավելացել են 0,9 տոկոսով` կազմելով 1 907,3 մլրդ դրամ, ընդ որում արտարժույթով վարկերն ավելացել են 3 տոկոսով` հասնելով 1 261,5 մլրդ դրամի, իսկ դրամային վարկերը նվազել են 3 տոկոսով` մինչև 645,7 մլրդ դրամ։
Հարկ է նշել, որ այս տարվա մի քանի ամսվա ընթացքում նկատվում է ժամկետանց վարկերի աճ, այն սեպտեմբերին հասել է 44,3 մլրդ դրամի։ Սակայն հոկտեմբերին ժամկետանց վարկերն ամսվա ընթացքում նվազել են 28,3 տոկոսով` հասնելով 31,7 մլրդ դրամի։ Այս ամենի հիմնական գործոններից է երկրում վճարունակ պահանջարկի նվազումը, որն առաջացել է դրամական փոխանցումների և առևտրի հսկայական անկման հետևանքով։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: