ՀՀ բանկերը հակաճգնաժամային ծրագրերով տրամադրել են ավելի քան 119 մլրդ դրամի վարկ

22.09.2020 17:05
ՀՀ բանկերը հակաճգնաժամային ծրագրերով տրամադրել են ավելի քան 119 մլրդ դրամի վարկ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով ՀՀ առևտրային բանկերը բավարարել են 25885 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 119 մլրդ դրամ գումար, հայտնում է Հայաստանի բանկերի միությունը։

Հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին հումքի, սարքավորումների ձեռքբերման, սննդի և դեղերի ներկրման, ինչպես նաև աշխատավարձի, հարկերի, կոմունալ ծախսերի վճարման համար, բավարարվել է 1209 վարկային հայտ՝ շուրջ 76.5 մլրդ դրամի չափով: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 24676 վարկային հայտ՝ 43.1 մլրդ դրամի չափով։

Սեպտեմբերի 10–ի դրությամբ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում կառավարությունը հատկացրել է 163,4 միլիարդ դրամ կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար: Ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունները 24 միջոցառում են ընդունել ՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման համար: Միջոցառումների մի մասը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, զբոսաշրջությանը, ՓՄՁ-ներին, միկրոբիզնեսին, ՏՏ տեխնոլոգիաներին, մյուսներն ուղղված են բնակչության տարբեր խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը: Որոշ ծրագրեր արդեն ավարտվել են, մյուսները դեռ ընթացքի մեջ են: Կառավարությունը քննարկում է աջակցության նոր հնարավորություններ և արդեն ընդունում է երկարաժամկետ զարգացման ծրագրեր ($1 - 485,26 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև