Հայաստանի ապահովագրական շուկան 2009 թ. կրճատվել է 3%

04.02.2010 18:04
Հայաստանի ապահովագրական շուկան 2009 թ. կրճատվել է 3%

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական շուկան 2009թ. կրճատվել է ընդամենը 3 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լևոն Մամիկոնյանը։

«Հայաստանի գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունքներն արդեն ամփոփվել են, և ի զարմանս մեզ՝ իրավիճակն ավելի լավ է, քան մենք սպասում էինք, մասնավորապես, գրանցվել է շուկայի ընդամենը 3 տոկոսանոց անկում»,- ասաց Մամիկոնյանը։

Այսպես, նրա խոսքերով, եթե 2008 թվականի ինն ամիսների ընթացքում ապահովագրավճարների գանձումը կազմել է շուրջ 6 մլրդ դրամ, ապա 2009 թվականի նույն ժամանակահատվածում հավաքվել է մոտ 5,8 մլրդ դրամ։

«Մի կողմից, իհարկե, կրճատվել են գույքի ապահովագրման և տրանսպորտային միջոցների ապահովագրավճարների գանձման ծավալները, և դա կապված է, ընդհանուր առմամբ, բանկային վարկավորման ծավալների սառեցման կամ կրճատման հետ»,- ընդգծեց նա։

Մամիկոնյանը նշեց, որ ապահովագրության շուկա 2009 թվականին մուտք է գործել մի քանի տնտեսվարող սուբյեկտ, հայտարարվել է մի քանի տենդեր, և իրավիճակը մի փոքր հավասարվել է, հատկապես, մի շարք հեռահաղորդակցական ընկերությունների, նրանց գույքի և աշխատակիցների ապահովագրման շնորհիվ։

Ինչպես կարծում է «Կասկադ Ինշուրանսի» ղեկավարի տեղակալը, 2010 թվականին Հայաստանի ապահովագրական շուկայի իրավիճակն առանձնապես չի փոփոխվի։
«Բանն այն է, որ համակարգաստեղծ հաճախորդներ, ինչպիսիք են ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, որին բաժին է ընկնում ապահովագրավճարների մոտ 30 տոկոսը, որոնք կարող էին ապահովագրվել այս տարի, մենք գործնականորեն չունենք»,- ասաց փորձագետը։

Այդ իսկ պատճառով, ինչպես կարծում է Մամիկոնյանը, եթե 2010 թվականին Հայաստանում չմտցվի պարտադիր ապահովագրում, ապա շուկայի ցուցանիշները կմնան անփոփոխ։

Հայաստանում գործող 12 ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 17 մլրդ դրամ։ Միաժամանակ ապահովագրողների հասույթը նախորդ տարվա արդյունքներով կազմել է 1,2 մլրդ դրամ, իսկ ապահովագրավճարների մեծությունը՝ 8,1 մլրդ դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև