Հայաստանում գործարկվել է առաջին մոբայլ բանկը

19.11.2014 17:56
Հայաստանում գործարկվել է առաջին մոբայլ բանկը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առաջին մոբայլ mConverse բանկը նոյեմբերի 18–ից պաշտոնապես սկսել է ծառայություններ մատուցել, հայտնեց «Կոնվերսբանկի» ռազմավարության և բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը։

Նրա խոսքով` mConverse-ը հաճախորդներին բջջային հեռախոսի միջոցով բանկային գործարքներ իրականացնելու հնարավորություն է տալիս։ «Դա հաշվեկշռի ստուգումն է, հաշվից հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումներ։ Այս ամենն արդեն հասանելի է mConverse–ի միջոցով».– չորեքշաբթի հրավիրված ասուլիս ընթացքում ասաց Քասարջյանը։

Ըստ նրա, mConverse–ի շնորհիվ ապրանքներ գնելու և ծառայությունների դիմաց կարելի է վճարել սմարթֆոնի և բջջային հավելվածի միջոցով` անկախ ժամանակից և գտնվելու վայրից։

«mConverse–ի կարևոր բաղադրիչը նաև այն է, որ հաճախորդները կարող են հեռախոսով վճարումներ իրականացնել «Կոնվերսբանկի» հետ համագործակցող առևտրային կետերում, ռեստորաններում և սրճարաններում»,– ասաց Քասարջյանը։

Նա նշեց, որ ներդրված համակարգն ունի անվտանգության բավարար մակարդակ, մասնավորապես, քայլեր են նախատեսված հեռախոսը կորցնելու դեպքերում։ Հավելվածն ունի լոգին և գաղտնաբառ, ընդ որում` հեռախոսի այլ հավելվածների անցնելիս, կատարվում է հավելվածի ավտոմատ փակում։ Հեռախոսը կորցնելու դեպքում հաճախորդը պետք է համացանցով արգելափակի mConverse–ի անձնական հաշիվը։ Քասարջյանը պարզաբանեց, որ ծառայությունը գործարկելու համար «Կոնվերսբանկի» հաճախորդը պետք է այցելի բանկ նույնականացման ընթացակարգ անցնելու համար։ Ըստ նրա, արդեն կան գրանցված օգտատերեր։

«Ծրագրում ենք, որ մոբայլ բանկը կաշխատի Հայաստանի բոլոր մարզերում»,– ասաց նա։ Քասարջյանը միաժամանակ նշեց, որ այժմ ծառայությունը գրանցելը հասանելի է միայն գլխամասային գրասենյակում, բայց առաջիկայում հաճախորդները կկարողանան ակտիվացնել ծառայությունը նաև երևանյան այլ մասնաճյուղերում։

Հավելվածը սմարթֆոնում (iOS կամ Android) բեռնելուց և գրանցվելուց հետո կարելի է օգտվել նաև համակարգչով։ Վաճառակետերը նույնպես կարող են օգտվել mConverse մոբայլ բանկից վճարումների ընդունման և վճարային հանձնարարագրերի (payment order) ուղարկման համար հենց հաճախորդ հավելվածից։ Վճարման հանձնարարագիրը կարելի է ուղարկել բջջային հեռախոսահամարին` լուսանցնելով mConverse համակարգի յուրաքանչյուր հաճախորդի համար ստեղծված QR հատուկ կոդը կամ NFC անլար կապի միջոցով։ Միջոցները կփոխանցվեն նաև «Կոնվերսբանկում» վաճառողի բացված հաշվի վրա գնորդից վճարային հանձնարարագրի հաստատումից անմիջապես հոտ։ Բացի մոբայլ բանկի հիմնական գործառույթներից, mConverse–ի օգնությամբ կարելի է նաև իմանալ արժույթի փոխարժեքները կամ քարտեզի վրա «Կոնվերսբանկի» մոտակա գրասենյակի կամ բանկոմատի գտնվելու վայրը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: Բանկն ունի մոտ 600 աշխատակից, բանկի 28 մասնաճյուղերից (2-ը` փոստբանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ) բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները:

Բանկի ակտիվները 2014 թվականի հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմել են 132 մլրդ դրամ, պարտավորությունները` 109.6 մլրդ դրամ, վարկային ավանդները` 80.8 մլրդ դրամ, կապիտալը` 22.4 մլրդ դրամ։ Միաժամանակ, բանկի զուտ շահույթը 2014 թվականի 3–րդ եռամսյակում կազմել է մոտ 1.7 մլրդ դրամ` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով մոտ 3 անգամ։(1 դոլարը` 415,99 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև