Ամերիաբանկի լիզինգային գործառնությունների ծավալն աճել է մինչև 721 մլն դրամ

07.05.2010 14:40
Ամերիաբանկի լիզինգային գործառնությունների ծավալն աճել է մինչև 721 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի լիզինգային գործառնությունների ծավալը 2010 թվականի չորս ամիսների ընթացքում աճել է գրեթե 100 տոկոսով՝ կազմելով 721 մլն դրամ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, լիզինգային գործառնությունների ընդհանուր ծավալի 45%-ը  բաժին է ընկնում հանքային արդյունաբերությանը, 35%-ը` շինարարությանը,  իսկ 20%-ը՝ սննդի արդյունաբերության, առողջապահության, առևտրի և ծառայությունների ոլորտներին:

Հաղորդագրության համաձայն՝ բանկի լիզինգային գործառնությունների  ծավալը 2009 թվականին աճել է 147 %-ով և արդեն  տարեվերջին լիզինգի պորտֆելը կազմել է 361 մլն դրամ:

«Ամերիաբանկը նախատեսում է 2010թ. շարունակել ակտիվորեն հանդես գալ լիզինգային գործառնությունների իրականացմամբ և մինչև երրորդ եռամսյակի ավարտը կրկնապատկել պորտֆելը»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:

Ամերիաբանկը լիզինգային ծառայություններ է տրամադրում արդեն շուրջ երկու տարի և Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է։ Միաժամանակ բանկն ակտիվ աշխատում է ֆինանսական շուկայում՝ մշակած ճկուն և մրցունակ պայմանների շնորհիվ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: ($1-386,53 դրամ). -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև