2011թ.-ին ՀՀ տնտեսության աճը 4-5% կկազմի. ՀԲ կանխատեսում

12.01.2011 14:14
2011թ.-ին ՀՀ տնտեսության աճը 4-5% կկազմի. ՀԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ին ՀՀ տնտեսության աճը կարող է հասնել 4-5 տոկոսի, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին (Jean-Michel Happi)։

«2010թ.-ին ՀՆԱ-ի աճը 2,4 տոկոս կկազմի, և մենք հուսով ենք, որ բարեփոխումների և հարկաբյուջետային և պարտքային համախմբման ընթացիկ ծրագրի իրականացման արդյունքում, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավման և բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ 2011թ.-ին ՀՀ տնտեսության աճը կաճի և կհասնի 4-5 տոկոսի»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հապին։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանը 2010թ.-ը կավարտի շուրջ 2,6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով՝ պետական բյուջեով ծրագրված 1,2 տոկոսի փոխարեն։

Հապին նշեց, որ այսօրվա դրությամբ ՀՀ տնտեսությունը դեռ շատ թույլ կողմեր ունի և խոցելի է։ «Մենք ականատես ենք եղել, թե ինչ տեղի ունեցավ 2010թ.-ին գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում, երբ տրանսֆերտների  ծավալների կտրուկ կրճատում տեղի ունեցավ»,- ասաց նա։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2010թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ գյուղատնտեսության ոլորտում անկումը 14,5 տոկոսի է հասել, իսկ շինարարության ոլորտում՝ 3,8 տոկոսի։

Ըստ ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի՝ հիմնական մարտահրավերներից մեկը տնտեսոիթյան առավել թույլ ոլորտների ուղղությամբ աշխատանքն է, «ինչը հնարավորություն կտա մասնավոր հատվածի հաշվին տնտեսության աճը բարելավել»։ «Մենք սերտորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ՝ աջակցություն ցուցաբերելով բիզնեսին աջակցելու համար բարեփոխումների լայն շրջանակի ուղղությամբ»,- ասաց Հապին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև