ՀՀ կառավարությունը 200 մլն դրամ է հատկացրել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման համար

31.03.2011 18:05
ՀՀ կառավարությունը 200 մլն դրամ է հատկացրել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման համար

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2011 թ.-ի առաջին կիսամյակում 200 մլն դրամ հատկացնել 4 տոկոսային կետով գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման համար:

Ինչպես ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի բյուջետային սուբսիդավորումը կիրականացվի, որպեսզի ֆերմերային տնտեսությունները կարողանան համալրել իրենց շրջանառվող միջոցները տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով:

«Կտրամադրվեն նաև արտոնություններ վեց ամիս ժամկետով տոկոսների և մայր գումարի մարման համատեքստում: Այս ամենը զգալի խթան կդառնա՝ գյուղատնտեսության զարգացման համար», - ասաց նա:

Սարգսյանի խոսքերով՝ կշարունակվի նաև Հայաստանի սահմանամերձ մարզերում նախորդ տարվանից իրականացվող գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը:

Այս կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պարզաբանեց, որ այդ ծրագրի շրջանակներում այսօրվա դրությամբ մինչև 8 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 800 վարկ Աշոցքի, Ամասիայի և Ճամբարակի շրջաններում:

«Արդեն 100 մլն դրամի պայմանագրեր են ստորագրվել, միաժամանակ 35 մլն դրամ արդեն վճարվել է, իսկ 65 մլն դրամը կվճարվի տարվա ընթացքում: Քանի որ ծրագիրը հաջողված է, կարելի է ևս 100 միլիոն հատկացնել այդ ծրագրի շրջանակներում», - ասաց նա:

Գաբրիելյանը նաև նշեց, որ այսօրվա դրությամբ գյուղատնտեսության վարկավորման ծավալը կազմում է շուրջ 48 մլրդ դրամ, և նախատեսվում է, որ այդ ծրագրերի հաշվին այդ գումարը կավելանա ևս մեկ քառորդով:

ՀՀ ԿԲ-ի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա դեկտեմբերին գյուղատնտեսական վարկերի գծով միջին տոկոսադրույքը դրամով մինչև մեկ տարի ժամկետով կազմել է 23,4 տոկոս, 1-5 տարի ժամկետով՝ 21,9 տոկոս: Ընդ որում, արտարժույթով գյուղատնտեսական վարկերը տրամադրվել են տարեկան 15 տոկոս միջին տոկոսադրույքով 1 տարի ժամկետով և 1-5 տարի ժամկետով՝ 18,3 տոկոս տոկոսադրույքով: (1 դոլարը 369,11 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև