Հայաստանի ԿԲ–ն ու գերմանական KfW բանկը 40 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր են ստորագրել

14.11.2012 17:37
Հայաստանի ԿԲ–ն ու գերմանական KfW բանկը 40 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը ստորագրել են «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի շրջանակում 40 միլիոն եվրոյի վարկային պայմանագիրը, տեղեկացնում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Պայմանագիրը հնարավորություն է ընձեռելու ֆինանսավորել ևս 30-ից 40 փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) նախագիծ: Ծրագրի 3-րդ փուլի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից նախատեսվում է տրամադրել նաև դրամաշնորհային միջոցներ ծրագրի տեխնիկական օժանդակությունն ապահովելու համար, ինչը կնպաստի Հայաստանում միջազգային ստանդարտներին մոտ նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի ավելացմանը:

Ստորագրման արարողությանը ներկա էին Ռայներ Մորելը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Անդրեաս Գիսը` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կովկասյան տարածաշրջանի ղեկավարը, Դավիդ Բետոլազան` KfW բանկի տարածաշրջանային տնօրենը, Վեռոնիկա Պլիատսը` KfW բանկի էներգետիկայի ծրագրերի ղեկավարը:

Ողջունելով ներկաներին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ KFW բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին: Բանկի հետ Հայաստանի համագործակցությունը կառուցողական բնույթ է կրում: ԿԲ նախագահը հույս է հայտնել, որ ծրագրի նոր փուլը կընդլայնի երկկողմ համագործակցությունը և կծառայի հետագա ներդրումների իրականացմանը:

2004 թ. ապրիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված «Ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև 2004թ. նոյեմբերի 24-ին կնքվեցին «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրով 6.0 մլն եվրոյի վարկային և 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր: Վարկը գերմանական KfW բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվել է արտոնյալ պայմաններով: Ծրագիրը իրականացվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ:

Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող ընթացքը, 2010թ. մայիսի 3-ին Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակներում KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ստորագրվեցին ծրագրի երկրորդ փուլի 18 միլիոն եվրոյի վարկային և 1.5 միլիոն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր:

Վարկային ծրագրի նպատակն է` մրցույթով ընտրված ՀՀ առևտրային բանկերի միջոցով վարկեր տրամադրել գործող ՓՀԷԿ-երին` վերակառուցման և վերազինման, ինչպես նաև նոր կառուցվող ՓՀԷԿ-երի համար, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրման և մատակարարման բարելավմանը և տնտեսության հետագա զարգացմանը: Ծրագրի դրամաշնորհի գումարը օգտագործվում է բացառապես մրցութային կարգով ընտրված ‎ֆինանսական և տեխնիկական խորհրդատուների մատուցած ծառայությունները վճարելու նպատակով:

Առ այսօր Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի առաջին և երկրորդ փուլերի շրջանակում վերաֆինանսավորման է հաստատվել 26 ՓՀԷԿ, որոնց դրվածքային հզորությունը կազմում է 62.4 ՄՎտ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև