11.06.2013 12:50
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը չի ծրագրում Հայաստանում առևտրային անշարժ գույքի կառուցման ֆինանսավորում իրականացնել, հայտնեց ԶԵԱԲ–ի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։
«Այդ նախագծերը, որպես կանոն, առևտրային են, և առևտրային բանկերն իրենք են դրանք ֆինանսավորում։ Մենք նրանց մրցակցություն չենք ցանկանում ստեղծել, ավելին, մեր կարծիքով` դա նվազագույն ազդեցություն կունենա երկրի զարգացման համար»,– ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը։
Իգնատովը նշեց նաև, որ ԶԵԱԲ–ը մտադիր չէ ֆինանսավորել այն ճյուղերը, որոնք ավանդաբար արգելված են զարգացման բանկերի կողմից ֆինանսավորվելու համար, մասնավորապես, ալկոհոլի և ծխախոտի արտադրությունը։ Բանկը նաև չի վերաֆինանսավորում գործող վարկերը, քանի որ դա, ըստ Իգնատովի, որպես կանոն, որևէ կերպ տնտեսության վրա չի ազդում։
Ըստ նրա, ԶԵԱԲ–ը նախագծերի ֆինանսավորում է իրականացնում Հայաստանում 2010 թվականից։ Հայաստանում ԶԵԱԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը ներկայում կազմում է 79 մլն դոլար, իսկ ԶԵԱԲ–ի կուտակած ներդրումային պորտֆելի ծավալը հանրապետությունում` 109 մլն դոլար։
Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։
ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: