ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 41 մլն դրամի չափով օժանդակություն է տրամադրել կարկտահարությունից տուժած գյուղացիներին

21.06.2013 15:43
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 41 մլն դրամի չափով օժանդակություն է տրամադրել կարկտահարությունից տուժած գյուղացիներին

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կարկտահարությունից տուժած արմավիրցիներին օժանդակելու նպատակով «Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնություն» հիմնադրամին փոխանցեց շուրջ 41 մլն դրամ, որից 11 մլն-ը հանգանակել էին Բանկի աշխատակիցները, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միաժամանակ Բանկը Արմավիրի մարզի 45 համայնքներում ներկայումս իրականացնում է աղետից տուժած հազարավոր գյուղացիական տնտեսությունների ընթացիկ վարկերի երկարաձգման, մարումների անհատական գրաֆիկների սահմանման, ինչպես նաև լրացուցիչ վարկավորման գործընթացը, ինչը նախատեսվում է ավարտել հունիս–հուլիս ամիսներին:

«Գյուղացիական տնտեսությունների վարկավորմն ի սկզբանե եղել է Բանկի գործունեության գերակա ուղություններից մեկը և առ այսօր Բանկը հանդիսանում է ոլորտի առաջատարը բանկային համակարգում` տարեկան տրամադրելով ավելի քան 30 մլրդ ՀՀ դրամ գյուղատնտեսական վարկեր»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Մայիսի 12–ին, 17–ին և այլ օրերին տեղի ունեցած կարկտահարությունը վնասեց 46 համայնքների գյուղատնտեսական տարածքների ավելի քան 50 տոկոսը, իսկ վնասը գնահատվում է մոտ 25 մլրդ դրամ։

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև